Ինֆլուենսերներին ու բիզնեսին մեկ հարթակում միավորվելու համար ստեղծվել է հայկական ViralMango ստարտափը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ViralMango ստարտափը արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ ինֆլուենսերներին կապում է ապրանքանիշերին, բիզնեսին կամ բրենդներին:
«Ներկայում ստեղծվել է իրավիճակ, որ մարդիկ սկսել են սոցցանցերում գովազդը չնկատել, ու դրանք աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցությունը։ Միաժամանակ հայտնվել են մարդիկ, որոնք ունեն շատ հետևորդներ՝ ինֆլուենսերներ են, ու երբ իրենք ինչ-որ պրոդուկտ են ներկայացնում, տվյալ ապրանքի կամ ծառայության պահանջարկն ավելի է մեծանում: Մենք փորձում ենք գտնել ինֆլուենսերների, որոնք ակտիվ են սոցցանցերում, ունեն լսարան և կազմակերպությունների, որոնք ցանկանում են,որ իրենց մասին խոսեն։ Այդ երկու կողմին կապում ենք միմյանց»,- «Արմենպրեսի»-ի հետ զրույցում ասաց SmartClick AI-ի և ViralMango-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը:
Դարբինյանի խոսքով՝ աշխարհում արդեն 150 միլիոնից ավելի ինֆլուենսեր կա, և բիզնեսին դժվար է այդքանի միջից գտնել համապատասխան մեկին, որը կխոսի իրենց պրոդուկտի կամ ծառայության մասին։ Օգտագործելով արհեստական բանականությունը՝ փորձում են գտնել ու առաջարկել ամենահարմար, արդյունավետ ինֆլուենսերին։ Դարբինյանը նշեց՝ հարթակն ունի նմանօրինակը , սակայն իրենց տարբերակը մի շարք առավելություններ ունի:
«Մենք հիմնականում աշխատում ենք նանո և միկրո ինֆլուենսերների հետ։ Նանո ինֆլուենսերներն ունեն 1000-ից 10 հազար հետևորդ, իսկ միկրո ինֆլուենսերներն ունեն 10 հազարից 50 հազար հետևորդ։ Այս ինֆլուենսերները լսարանի հետ կապն ավելի ակտիվ ու սերտ են պահում, քանի որ հասցնում են պատասխանել նամակներին, մեկնաբանություններին, այսպիսով, ավելի թիրախավորված ու արդյունավետ է դառնում գովազդը»,- ասաց Դարբինյանը։
Ինֆլուենսերները գրանցվում են կայքում, կցում իրենց Instagram-ի հաշիվն ու անցնում վերիֆիկացիա։ Հարթակը սկսում է վերլուծել, հասկանալ հետևորդների քանակը, լսարանի առանձնահատկությունները, ակտիվությունը։ Գովազդի արժեքը որոշելու համար օգտագործում են արհեստական բանականությունը։ Հիմնվելով վիճակագրական տվյալների վրա՝ որոշվում է յուրաքանչյուր ինֆլուենսերի գովազդի արժեքը։
Հարթակում գրանցվում են կազմակերպություններն ու ներկայացնում այն պրոդուկտը, որը ցանկանում են գովազդել։ Հարթակը բիզնեսին տալիս է գործիքներ ու հնարավորություն, որոնք թույլ կտան հազարավոր կոնտենտ ստեղծողներից ընտրել իրենց առավել համապատասխանին։
«Բիզնեսների համար մեր հարթակից օգտվելու առավելություն է այն, որ վճարելով համեմատաբար քիչ գումար՝ ստանում են պատրաստի բովանդակություն. այն կարող են օգտագործել իրենց սոցիալական ալիքներում՝ առանց հեղինակային իրավունքների խախտման։ Իսկ եթե ունենային առանձին թիմ, որն այդ բովանդակությունը կստեղծեր, ավելի ժամանակատար ու թանկ կլիներ»,- նշեց Դարբինյանը:
ViralMango-ի թիրախն ամերիկյան շուկան է։ Հարթակում արդեն ունեն 60 հազարից ավելի գրանցված ինֆլուենսեր և 300-400 բիզնես։ Սկսել են սեփական միջոցներով: BANA Angels-ից ներդրումներ են ստացել Անտոն Երանոսյանից և Թոմաս Մազեջյանից, ներդրումներ են ներգրավել նաև հայկական Formula VC և BigStory VC-ներից: Թիմում ընդհանուր 15 հոգի են, Դարբինյանի խոսքով՝ բավականին արագ աճում են:
Դարբինյանն ընդգծեց՝ շուկան շատ արագ ձևափոխվում է: Նպատակ ունեն ճիշտ հասկանալ, թե ինչպես է ձևափոխվում շուկան ու ըստ դրա, համապատասխան ձևով օգնեն երկու կողմին:
Կարինա Տերտերյան