Հասարակական

Կայացել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների հզորացման ԵՄ/ԵԽ ծրագրի համակարգող խորհրդի ամփոփիչ նիստը

3 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների հզորացման ԵՄ/ԵԽ ծրագրի համակարգող խորհրդի ամփոփիչ նիստը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը փետրվարի 28-ին մասնակցել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի (ԵՄ/ԵԽ) կողմից իրականացվող «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի համակարգող խորհրդի ամփոփիչ նիստին, որին ներկա էր նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Դեռևս 2019 թվականից մեկնարկած «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում իրականացվող վերը նշված ծրագրի նպատակն է՝ աջակցել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումներին, այդ թվում՝ նպաստել կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով հիշյալ ծրագրի և Հայաստանի կողմից հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված միջոցառումներին՝ ԵԽ և ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ համատեքստում նոր ինստիտուցիոնալ մարմինների, այդ թվում՝ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող միակ մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը իրապես հաջողված քայլ էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին աջակցելու համար, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն իր գնահատանքի խոսքն է ուղղել հատկապես ծրագրի այն մասնակիցներին, որոնք աշխատել են նվիրումով և իրենց փորձն ու գիտելիքներն են ներդրել՝ ծրագրով նախատեսված միջոցառումները հնարավորինս արդյունավետ և նպատակային իրագործելու համար:

Միաժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վերահաստատել է եվրոպացի գործընկերների արտահայտած այն դիրքորոշումը, որ Հայաստանում իսկապես առկա է կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք, որը դրսևորվում է նաև Կոմիտեի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հաստիքակազմի համալրմանն ու կառույցի այլ կարողությունների զարգացմանն ուղղված՝ կառավարության օպերատիվ արձագանքով:

Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ ԵՄ/ԵԽ հայաստանյան ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլում արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն առավել ակտիվ ներգրավվածություն կունենա, և եվրոպացի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում