BigStory VC-ն 250 հազար դոլարի ներդրում է կատարել հայկական ViralMango-ում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BigStory VC վենչուրային հիմնադրամի պորտֆոլիոյում ընդգրկվել է արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ միկրոինֆլյուենսերների բրենդների հետ կապող ViralMango ստարտափը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք» էջում հայտնել է BigStory-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
«50 հազարից քիչ հետևորդ ունեցող միկրոինֆլյուենսերներին ունեն նվիրված և ներգրավված հետևորդներ, որոնք կարող են բացառիկ արդյունքներ ապահովել բրենդների համար:
BigStory-ում մենք նվիրված ենք մեր առաքելությանը` օգնելու բացառիկ հայ հիմնադիրներին ստեղծել մեծ ազդեցություն ունեցող, համաշխարհային ընկերություններ: Մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի տաղանդ և ներուժ, և մենք պարտավոր ենք աջակցել երկրի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:
Աջակցելով ViralMango-ի նման ընկերություններին՝ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանի ապագայում՝ որպես տեխնոլոգիական նորարարության կենտրոն»,- գրել է Մինասյանը։
Սա հայկական ծագում ունեցող 11-րդ ստարտափն է, որում ներդրում է կատարել BigStory VC-ն։
BigStory VC-ն ներդրումներ է կատարել Docus, BlueQubit, ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill, SleepDoctor, Prelaunch, Stylebit, B4 ստարտափներում։
Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը և Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափում։