ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:
Անդրադառնալով Հաագայի դատարանի սահմանված՝ Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ վարչապետն ընդգծեց, որԱդրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար:
«Ամենասկզբում ու ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության բարձրագույն օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ, պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին» : Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,-նշեց վարչապետը: