Հայկական BLiiNK հավելվածը կօգնի պահպանել տեսողությունն ու ճիշտ կեցվածքը համակարգչով աշխատելու ընթացքում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համակարգչով աշխատելու ընթացքում տեսողության և կեցվածքի հետ կապված խնդիրներից խուսափելու, աշխատելու առողջ վարքագիծ ձևավորելու նպատակով Նաիրի Բաղդասարյանը, Արտաշես Բաղդասարյանը և Արթուր Հովհաննիսյանը ստեղծել են արհեստական բանականությամբ համալրված համակարգչային BLiiNK հավելվածը:

«BLiiNK-ն արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որն օգնում է համակարգչից օգտվողներին խուսափել աչքերի և կեցվածքի հետ կապված առողջական խնդիրներից։ Մշակել ենք ծանուցումների համակարգ, որի շնորհիվ աշխատանքային ժամերն առավել առողջ և արդյունավետ կդառնան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ստարտափի համահիմնադիր Նաիրի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը մասնագիտությամբ միջուկային էներգետիկ է: Լեհաստանում 2-րդ PHD-ն է արել և 2020 թվականին պատերազմից մեկ ամիս առաջ վերադարձել ու որոշել է Հայաստանում ապրել։ Սկսել է ծրագրավորում սովորել, ընդունվել է աշխատանքի որպես Data Scientist՝ աշխատելով տարբեր ընկերություններում: Նրա խոսքով՝ տեսողությունը 3-4 տարվա ընթացքում վատթարացել է:

«Բժիշկս ասաց, որ համակարգչով պետք է քիչ աշխատեմ, աչքի արհեստական արցունքներ օգտագործեմ, բայց միշտ մոռանում էի: BLiiNK-ի գաղափարը հենց այդ ժամանակ ծագեց: Մտածեցի գաղափարս դարձնել բիզնես։ Ինձ միացան Արտաշեսն ու Արթուրը, ովքեր ևս որպես ծրագրավորող կարևորում էին խնդիրը: Սկսեցի ուսումնասիրել ու բացահայտեցի, որ մարդիկ համակարգչով աշխատելիս սովորաբար մոտ 3 անգամ քիչ են թարթում: Նույնը նաև մեջքի ու ճիշտ կեցվածքի պահպանման առումով է: Ի դեպ, կեցվածքն էլ տեսողության վրա ազդեցություն ունի. սխալ կեցվածքն ինքնին բերում է արդեն տեսողական խնդիրների, այն ազդում է նաև հորմոնալ մակարդակի վրա և կարող է հանգեցնել մի շարք այլ խնդիրների»,- պատմեց ստարտափի գաղափարի հեղինակը:

Ըստ համահիմնադիրների՝ համակարգչով աշխատողների գրեթե 45 տոկոսը սխալ կեցվածքով պայմանավորված խնդիր ունի, իսկ 54 տոկոսը՝ աչքերի։ Երբ մարդ տարված է լինում աշխատանքով, շատ հաճախ մոռանում է կեցվածքի և աչքերի մասին, և հիշում միայն այն ժամանակ, երբ արդեն ցավ կա։ Մտածել են, որ լավ կլինի, եթե ինչ-որ մեկն իրենց կողքից տեսներ և հիշեցներ՝ աչքեր հաճախ թարթելու և ուղիղ նստելու մասին:

«Հասկացա, որ համակարգիչը կարող է հիշեցնել թարթելու և ճիշտ կեցվածքով աշխատելու մասին, որը շուտով սովորություն կձևավորի մեզ մոտ»,- նշեց Բաղդասարյանը:

Նմանը չունեցող հարթակը համակարգչային հավելված է՝ նախատեսված Windows-ի համար։ Հարկավոր է ներբեռնել համակարգչում և այն կաշխատի առանց համացանցին միանալու, ոչ մի տվյալ չի փոխանցում և գործարկելուց հետո այն գործում է ավտոմատ ռեժիմում:

Ծրագիրը վերցնում է օրինակելի դիրքը ու համեմատում մյուս դիրքերի հետ, հետո ծանուցում ուղարկում անհամապատասխանության դեպքում։ Ծանուցումն էկրանից անհետանում է միայն աչքերը թարթելուց կամ կեցվածքն ուղղելուց հետո։ Օգտատերը կարող է նշել, թե ինչ ձևով է նախընտրում ծանուցումներ ստանալ, օրինակ, էկրանի որ մասում, ինչ չափով, տեքստով ու պարբերականությամբ:

«Ինքս սկսել եմ մեծ հաճախականությամբ ծանուցումներից, աստիճանաբար քչացնում եմ։ Մի քանի ամիս նույն գործողությունը կրկնելուց հետո մարդու մոտ սովորություն է ձևավորվում։ Համակարգը տրամադրում է նաև վերլուծություն, որի միջոցով հնարավոր է տեսնել, թե ինչ փոփոխություններ կամ առաջընթաց կա, քանի անգամ է ստուգվել ու քանի սխալ արձանագրվել։ Արհեստական բանականությունն օգտագործում ենք պատկերների ճանաչման, համեմատության համար»,- ասաց Բաղդասարյանը։

Ներդրումներ են ստացել FAST-ի հրեշտակ ներդրողների ցանցից։ Մասնակցել են նաև Hero House-ի Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին, որի ավարտից հետո GIZ-ից դրամաշնորհ են ստացել։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ «Գաղափարից բիզնես» նախագծով 10 միլիոն դրամի չափով գումար են ստացել: SSS Holidays Vizag INDIA-ի ժամանակ 3000 դոլարի չափով մրցանակ են շահել՝ զբաղեցնելով առաջին տեղը Idea Stage խմբում, բայց կարևորում են նոր ծանոթություններն ու կապերը հնդկական շուկայում: Ներկայում աշխատում են մարքեթինգային տարբեր խողովակներ կիրառել՝ հասկանալու համար, թե որ հարթակներն ու մեթոդներն են ամենաարդյունավետը:

«Ներկայումս ունենք մոտ 200 ակտիվ օգտատեր, 1 վաճառք ՏՏ ընկերության և 10 ընկերությունների հետ համագործակցության փուլում ենք: Ընկերությունների համար շատ կարևոր է ունենալ առողջ և արդյունավետ աշխատակիցներ, և BLiiNK-ը մատչելի և շատ արդյունավետ գործիք է այդ տեսանկյունից։ Սկսել ենք Հայաստանի շուկայից ու թիրախավորում ենք հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք կարող են իրենց աշխատակիցների համար ներդնել համակարգը»,- ասաց Բաղդասարյանը։

Ներկայում աշխատում են Mac OS-ի համար նույն լուծումը մշակել: Ըստ կանխատեսումների՝ այն մոտավորապես 3 շաբաթից պատրաստ կլինի։ Ծրագրում են նաև միջազգային շուկա դուրս գալ՝ ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա։

«Մեր նպատակը խնդիրը կանխարգելելն է, ոչ թե միայն արդեն խնդիրներ ունեցողների մոտ սովորույթի ուժ ձևավորելը»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Կան պլաններ նաև մոբայլում նման տարբերակ մշակել: Ապագայում հավելվածում կլինի ոչ միայն աչքերի ու կեցվածքի մասը, այլև պլանավորում են հարթակը տարբեր առողջական խնդիրներ կանխարգելող համալիր համակարգի վերածել:

Կարինե Տերտերյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում