«Հյուսիս-հարավ»-ի 5 տրանշից հիմա փաստացի միայն մեկն է պատրաստ. նախարարը ներկայացրեց տարվող աշխատանքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց, թե ինչ փուլում է գտնվում «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը, տարբեր հատվածներում ինչ աշխատանքներ են իրականացվում այս պահին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանն այս մասին խոսեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր ելույթում:

«5 տրանշից է բաղկացած, որոնցից փաստացի միայն մեկն է, որ հիմա պատրաստ է: Դա Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածն է: Մյուս հատվածները տարբեր փուլերում են գտնվում: Հիմա շինարարական փուլում է Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածը (Տրանշ 3): Մի կտորը՝ Թալինից Լանջիկ հատվածն ավարտված է գրեթե ամբողջությամբ, ավելի շուտ հարակից աշխատանքներ են մնացել, քան բուն ճանապարհի վրա աշխատանքը: Շինարարության փուլում է Լանջիկից Գյումրի հատվածը, որը կարծում ենք, որ այս տարի կավարտվի»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ եթե 2024-ին մնան որոշ աշխատանքներ, հիմնականում ասֆալտապատմանը չեն վերաբերի, այլ՝ հարակից աշխատանքներին:

Աշտարակից-Թալին հատվածը, որը շուրջ 42 կմ է, բաժանված է երկու կտորների՝ 8 կմ-անոց և 34: 8 կմ-անոց հատվածում շինարարություն է, 34-ում՝ մոտ 3 ամսվա ընթացքում կլինի շինարար: Նախարարը պարզաբանեց, որ դա այն հայտնի բարդ հատվածն է, որտեղ դատական վեճ կա իսպանական ընկերության հետ: «Բազմաթիվ խնդիրներ կան: Բայց կարծես բոլորիս ջանքերի արդյունքում կարողացանք այդ բոլորին զուգահեռ նաև մրցութային գործընթաց տանել, մեկում ունենալ շինարար, մյուսում մոտ ժամանակներս կունենանք»,-ասաց Սանոսյանը:

Իսկ Գյումրին շրջանցող և Բավրա տանող հատվածի համար կան պատվիրված նախագծեր, որոշակի քննարկումներ, թե դրանք որ փուլում իրականացնել: Նախագծերը կան և պատրաստ են:

Խոսելով հարավից՝ նախարարն ասաց, որ տարբեր կտորներում տարբեր իրավիճակ է: Ինչ վերաբերում է Արտաշատից Սիսիան մեծ կտորին՝ մոտ 160 կմ, ապա կոնկրետ նախագիծ չկա, կա նախագծի մասին էսքիզային որոշակի պատկերացում:

«Այս փուլում հիմնական աշխատանքն է կազմել նախագծի տեխնիկական առաջադրանքը և նախագիծ պատվիրել: Դրանից հարավ բոլոր 3 կտորների համար կան նախագծեր, դա Սիսիան-Քաջարան 60կմ-անոց հատվածն է, Քաջարանի թունելն իրեն մոտեցող ճանապարհներով առանձին և Քաջարանից դեպի Ագարակ 32 կմ-անոց հատվածն է: Երեքի պարագայում էլ նախագծերը կան: Երկուսի դեպքում Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ, մրցույթ է հայտարարված»,-ասաց Սանոսյանը:

Մրցույթին մասնակցել է 23 ընկերություն: Նախարարի խոսքով՝ մրցույթը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային խոշոր շինարարական ընկերությունների մոտ: Հիմա տեղի է ունենում գնահատման գործընթաց:

Սանոսյանը նաև հայտնեց, որ Քաջարանի թունելի հետ կապված նախագիծ կա, բայց, քննարկումների փուլում են: Տարբեր շինարարական ընկերություններից, այդ թվում իրանական, առաջարկներ կան: Վերջնականացնենք քննարկումները, կհասկանանք մեխանիզմը: Նկատի ունեմ՝ պետական բյուջեով կֆինանսավորենք, վարկային միջոցներ կներգրավենք, պետություն-մասնավոր գործակցություն կիրականացնեք. Բոլոր սցենարները կան: Այդ հատվածը ևս կարող է մտնել շինարարական փուլ:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ