Ինովացիա

Ինտրովերտներին օգնելու, մարդկանց միջև հետաքրքիր շփում ապահովելու համար ստեղծվել է հայկական B4 հավելվածը

4 րոպեի ընթերցում

Ինտրովերտներին օգնելու, մարդկանց միջև հետաքրքիր շփում ապահովելու համար ստեղծվել է հայկական B4 հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջոցառումների և կոնֆերանսների մասնակիցների միջև որակյալ ու հետաքրքիր շփում ապահովելու համար Wakie-ի համահիմնադիր, տարբեր ստարտափների հեղինակ Հրաչիկ Աջամյանը հիմնել է նոր, նմանը չունեցող ստարտափ:

TAT_0549.JPG (669 KB)

B4-ը (before you meet) ավտոմատ կերպով միմյանց է կապում միջոցառման մասնակիցներին, թույլ է տալիս տեսնել նրանց մասնագիտությունները, գործունեությունը, փորձը և կարճ հաղորդակցվելու հնարավորություն տալիս, որից հետո հնարավոր է շարունակել շփումը, կամ՝ դադարեցնել։

TAT_0543.JPG (399 KB)

«Համավարակից հետո ամեն ինչ օնլայն դարձավ, նոր շուկա բացվեց. օնլայն միջոցառումների ու կոնֆերանսների համար շատ պրոդուկտներ ստեղծվեցին։ Գրեթե բոլորը կոնֆերանսներին մասնակցելիս կարևորում են շփումը, բայց նշում, որ առցանցի դեպքում որակն ու փորձառությունը վատն է։ Որոշեցինք ստեղծել մի լուծում, որը մարդկանց այդ շփման արժեքը կտա նաև առցանց տարբերակով։ Երկար ուսումնասիրությունների արդյունքում գտանք այն մոդելը, որը բոլորիս համար շատ շահագրգռող էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ստարտափի համահիմնադիրը։

Հավելվածի հաճախորդները կոնֆերանսների ու միջոցառումների կազմակերպիչներն են։ Հարթակը 3 տիպի միջոցառումների ընթացքում է հնարավոր կիրառել։

TAT_0545.JPG (397 KB)

Օֆֆլայն կոնֆերանսների մեկնարկից առաջ մասնակիցները հավելվածում նեթվորքինգ են անում, իսկ կոնֆերանսի ժամանակ կոնկրետ մարդկանց հետ ծանոթացած են մասնակցում։ Այս դեպքում հնարավոր է նախապես պլանավորել հանդիպումները։ Հայաստանում սա կիրառել են պրոդուկտի ղեկավարների համար նախատեսված 250 հոգանոց միջոցառմանը ու արձագանքները շատ դրական են եղել։ Նաև արդեն իսկ ձևավորված համայնքների համար օնլայն նեթվորքինգ են ապահովում։ Երկրորդն էլ օնլայն կոնֆերանսներն են։

«Միջոցառման մասնակիցը, մուտք գործելով հարթակ, տեսնում է մասնակիցների ցանկը: Սեղմելով Start կոճակը՝ մասնակիցն ավտոմատ կերպով պատահականության սկզբունքով կապվում է միջոցառման մեկ այլ մասնակցի հետ։ Շփումը տևում է 2 րոպե: Եթե կապվել ես շատ հետաքրքիր անձի հետ ու երկուսդ էլ սեղմեք keep talking, ապա կարող եք շարունակել շփումը որքան ցանկանաք: Մասնակիցը հնարավորություն ունի նաև նշել՝ ում հետ չի ցանկանում շփում հաստատել»,- նշեց Աջամյանը:

Համահիմնադրի խոսքով՝ կոնֆերանսների ժամանակ խնդիրներից մեկը այն է, որ շատերն ինտրովերտ են և դժվար են անծանոթների հետ շփվում: Հավելվածը լուծում է նաև այդ խնդիրը:

TAT_0572.JPG (612 KB)

«Օֆֆլայն միթինգները գրավում են մարդկանց, օնլայնները՝ ոչ: Նպատակ ունենք այդ ուղղությունը զարգացնել ու հետաքրքիր դարձնել, իսկ մենք գիտենք, թե ինչ է պետք դրա համար: Բիզնեսում մարդկանց հետ շփվելու կարիքը մեծ է: Մարդկանց մարդիկ են պետք: Մենք պետք է զարգանանք ու դառնանք այդ լուծումը: Կա Google, արդեն chatGPT, որը տալիս է հարցերիդ բոլոր պատասխանները, բայց, միևնույն է, մարդկանց հետ շփվելու ցանկությունը միշտ լինելու է: Մենք պետք է լուծենք այս խնդիրը: Հիմա սրանից ենք սկսում, բայց այստեղ շատ ավելի մեծ առաքելություն է դրված»,- եզրափակեց Աջամյանը:

Ստարտափն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է նախասաղմնային ներդրում ստանալ: Թիմում 7 հոգի են: Ստարտափը պաշտոնապես շուկա դուրս չի եկել, սակայն հարթակի միջոցով մոտ 30 միջոցառում արդեն կազմակերպվել է:

Կարինե Տերտերյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում