Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա
1 րոպեի ընթերցում
![Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/02/1103953.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
«Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա են փրկել։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։
Ermenistan kurtarma ekibi AFAD ekibi ile birlikte Adıyaman’da sekiz yaşında bir kızı canlı kurtardı.
Dayanışma yaşatır!
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) February 11, 2023
Թուրքիան ցնցած 7,7 մագնիտուդով երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանը հայտնել է օգնելու պատրաստակամության մասին։ Այդ նպատակով Թուրքիայի աղետի գոտի էր մեկնել 27 հայ փրկարար։
Փետրվարի 11-ին հայ-թուրքական ցամաքային սահմանով Թուրքիա է ուղարկվել նաև 100 տոննա մարդասիրական օգնություն։
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 20 հազար 655 է, վիրավորների թիվը՝ ավելի քան 80 հազար։ Սա 1939 թվականից ի վեր այդ երկրում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է։