ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսական ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները:
Դեսպան Գալագերը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականության ապահովումը: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` կողմերը խոսել են Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցության, մասնավորապես բյուջետային գործընթացի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին:
Հանդիպման ընթացքում երկուստեք նախանշվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։