«Արմենպրես»-ին շնորհվեց «հայ դոմեն» հայերեն բովանդակությունը զարգացնելու և տարածելու նպատակով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությանը շնորհվեց .հայ դոմեն «.հայ» տիրույթում ներկայանալու և հայերեն բովանդակությունը զարգացնելու նպատակով :
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`.հայ և .am դոմենային տիրույթների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը ընտրությունը կատարել է մեծ թվով ԶԼՄ-ների ուսումնասիրությունների արդյունքում՝ հաշվի առնելով լրատվամիջոցի տարածած բովանդակությունը և դրա բազմազանությունը: «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը .հայ դոմեն է շնորհել նաև գրող, հրապարակախոս, լրագրող Մհեր Արշակյանին:
«Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը ներկայացրեց նաև «․Հայ»-նեթ ամենամյա մրցույթի հաղթողներին, որի նպատակը «.հայ» տիրույթում գրանցված հայերեն բովանդակությամբ աչքի ընկնող կայքերի հանրահռչակումն է և տիրույթի զարգացումը։
«Ինտերնետ հանրություն» կազմակերպության խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը նշեց, որ մրցույթի ժյուրին դիտարկել է մի քանի տասնյակ կայքեր, ընտրել լավագույններին։
«Նման մրցույթները, իհարկե, իրենց դրական ազդեցությունն ունենում են. օրինակ՝ եթե վերցնենք մեր համագործակցության երկու տարիների ընթացքում Վիքիմեդիայի հոդվածների քանակն ավելացել է մոտավորապես 700-ով, ինչը արդեն խոսում է այն մասին, որ հայատառ բովանդակությունը ավելանում է ինտերնետում: Այն նաև խթանում է, որ մարդիկ օգտվեն ինտերնետից, քանի որ կան մարդիկ, ովքեր հայերենից բացի այլ լեզուների չեն տիրապետում»,- ասաց նա:
«.Հայ»-նեթ» մրցույթի ժյուրին դիտարկել է «.հայ» տիրույթում գրանցված շուրջ 1000 կայքեր, առանձնացրել մի քանի տասնյակը և ընտրել լավագույն հնգյակը՝ տարբեր անվանակարգերում:
Ծառայությունների ոլորտում լավագույն հայերեն բովանդակություն անվանակարգում հաղթել է «Հայաստանով.հայ» կայքը: Կրթական լավագույն հայերեն բովանդակություն անվանակարգում հաղթել է «Ֆիզիկա 9.հայ» կայքը: Լավագույն խաղային, ժամանցային հայերեն բովանդակություն անվանակարգում հաղթող է ճանաչվել «Բառուկ.հայ»-ը: Լավագույն հայերեն մասնագիտական էջ անվանակարգում հաղթել է «Անցավ.հայ» կայքը, իսկ լավագույն ստեղծագործական գաղափար անվանակարգում հաղթել է «Վեդրո.հայ» կայքը: