Հասարակական

ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը պայմանավորվել են քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների, այցերի ձևաչափով

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը պայմանավորվել են քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների, այցերի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով հայ-բուլղարական հարաբերությունների կարևորությունը՝ նախարար Մկրտչյանն էական է համարել երկկողմ համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։

«Նախարարի խոսքով՝ երկու երկրների ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել բարեփոխումների, այդ թվում՝ ժողովրդագրության, երեխայի խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, խնամատարության ինստիտուտի զարգացման և մի շարք այլ ուղղություններով։

Նախարարն ընդգծել է նաև, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկապես վերջին շրջանում ակտիվ աշխատում է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել այլ երկրների լավագույն փորձն ու տեղայնացնել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Կալին Անաստասովի խոսքով ևս՝ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները միանման են, ինչը համատեղ աշխատելու լայն հնարավորություն է տալիս։ Դեսպանն առաջարկել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում դիտարկել երկուստեք փորձագիտական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, ինչի իրականացման նպատակով բուլղարական կողմը պատրաստակամ է ունենալ գործուն մասնակցություն։

Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների, փոխադարձ այցերի ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում