Վարչապետը Լաչինի միջանցքի փակումը համարում է սադրանք, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է
2 րոպեի ընթերցում
![Վարչապետը Լաչինի միջանցքի փակումը համարում է սադրանք, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/01/1101499.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։
Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական երկխոսության ակնհայտ անհրաժեշտության քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը։ Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծման»,- հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի դիվանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող բոլոր գերատեսչություններն ու շրջանակները կրկնապատկեն ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։
«Այս իմաստով հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին»,- ավելացրեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը ձևավորվել է Հայաստանում, պետք է շարունակի հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար։