Քաղաքականություն

Եթե տարածաշրջանում մեր հարաբերությունները չփոխենք, չենք կարողանա կառավարել սպառնալիքները. ՀՀ վարչապետ

5 րոպեի ընթերցում

Եթե տարածաշրջանում մեր հարաբերությունները չփոխենք, չենք կարողանա կառավարել սպառնալիքները. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ առանց տարածաշրջանում Հայաստանի հարաբերությունները փոխելու հնարավոր չէ կառավարել սպառնալիքները, սակայն հավելում՝ փաստ չէ, որ միայն Հայաստանի ցանկությունը բավարար է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց իր ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի՝ օրերս անցկացված զորավարժությունների, Հայաստանի սպառազինության համալրման վերաբերյալ հարցերին:

Վարչապետը ճիշտ չհամարեց հրապարակային քննարկել բանակի սպառազինության, համալրման հետ կապված հարցերը: «Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ խնդիրներ, փաստ է, որը հնարավոր չէ ժխտել: Բայց, այն, որ մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրները լուծելու համար, դա էլ ակնհայտ է դառնում գոնե այն թվերից, որ կարելի է հրապարակային տեսնել պետբյուջեում՝ թե 2022-ի կատարողանում, թե 2023-ի պլանավորվածում»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ ԶՈՒ-ի մարտունակությունը շատ կարևոր է, առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, սակայն միայն մարտունակ բանակով ևս խաղաղություն հնարավոր չէ:

«Որևէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է Հայաստանի համար և ընդհանուր առմամբ: Որևէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից և տեսլականից: Զորավարժությունները, ռազմական բնույթի սադրանքները նաև ինչ նպատակ կարող են ունենալ. խաղաղության օրակարգը շինծու հռչակելու, օրակարգից հանելու նպատակ կարող են ունենալ: Բայց այն, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն ակնհայտ է: Երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, Ադրբեջանը դա ընկալում է ոտնձգություն իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և ապացույց այն բանի, որ Հայաստանը չի ճանաչում և մտադիր չէ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եվ դրանից էլ զարգացնում են այն խոսույթը, որ իրենք էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Դրանից էլ մենք այլ հետևության ենք գալիս, ասում ենք, որ Սոթք-Խոզնավարից սկսած և սեպտեմբերի 13-ի ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ընդհակառակը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նոր նկրտումների ի ցույց բերելու նպատակ է դրել»,-ասաց Փաշինյանը:

Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանցիների մարդահամար է անում: «Մենք էլ ենք մարդահամար անում: Հայաստանն էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից և այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար է իրականացնում»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքերը թշնամիներ ե՞ն, թե՞ ոչ՝ նա ասաց՝ կա պատմական իրողություն, որը ցանկության դեպքում էլ հնարավոր չէ փոխել, սակայն այդ թշնամանքի զգացումը պետք է կառավարվի:

Փաշինյանը նաև նշեց՝ Ադրբեջանը համարում է, որ ռազմական հաջողության է հասել և դա պետք է զարգացնի՝ առավելագույնը ստանալու համար:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես և ինչու են փոխվելՌուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչ է դա նշանակում և ի՞նչ կարող է նշանակել մեզ համար: Բայց, մեծ հաշվով, մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ պետք է տանք մեկ հարցի պատասխան՝ մենք այս տարածաշրջանում ինչպե՞ս ենք մեզ դիրքավորում. մեզ դիրքավորում ենք որպես հարևան և գործընկե՞ր, թե՞ դիրքավորում ենք որպես, օրինակ, պայմանական բառապաշարով, ֆորպոստ, թե՞ որպես պատմական արդարության մարտիկ, թե՞ որպես մի պետություն, որը պետք է դասեր տա մյուս պետություններին, թե ինչպես է պետք ապրել ու ստեղծագործել: Սրանք բոլորը ընտրություններ են, այսպես ասած «մենյու» է, և մեր կառավարությունն այդ ընտրությունը ինքն իր համար արել է»,-ասաց վարչապետը՝ հավելելով՝ փաստ չէ, որ դա մյուսների համար ընդունելի կլինի:

Փաշինյանը կարևորեց առավել խորագետ լինել՝ հաղթահարելու ծառացած մարտահրավերները:

«Եթե մենք մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները չփոխենք, չենք կարողանա կառավարել սպառնալիքները, որոնք կան: Բայց փաստ չէ, որ միայն մեր ցանկությունը բավարար է»,-ասաց վարչապետը՝ կարևորելով շատ ճկուն լինելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում