Արցախի ԱԺ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները բնակչությանը ներկայացնում են Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը

5 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են սկսել շրջանների բնակչության հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, տեղում առկա հրատապ խնդիրներին ծանոթանալու և բնակչությանը հուզող հարցերին պատասխանելու նպատակով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հունվարի 4-ին Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և պետական նախարարի խորհրդական, օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել են Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Դրմբոն, Կոճողոտ և ենթաշրջանի մի շարք այլ համայնքների բնակչության հետ:

«Մենք տարեվերջին որոշել էինք իրականացնել այս այցելությունները, համայնքներում ներկայացնել ստեղծված իրավիճակը, հետագա անելիքները, ինչպես նաև լսելու նրանց բարձրաձայնած խնդիրները, որոնք առաջացել են շրջափակման հետևանքով: Այս ընթացքում նաև բավականին հարցեր են կուտակվել, որոնց անհրաժեշտ է պատասխանել: Հետադարձ կապի միջոցով մենք բնակչությունից ստանում ենք նաև այն հարցերը, որոնք հրատապ լուծումներ են պահանջում»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Հարությունյանը՝ հայտնելով, որ առաջիկա օրերին Արցախի շրջանների համայնքների բնակչության հետ այս հանդիպումները շարունակական են լինելու:

Հանդիպումների ընթացքում Արցախի Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Համայնքների բնակիչները բարձրաձայնել են անվտանգությանը, հիվանդներին տեղափոխելու համար վառելանյութ տրամադրելու և ապաշրջափակման բանակցություններին վերաբերող հարցեր:

ԱԺ պատգամավորները առկա խնդիրների լուծման գործում կարևորել են միասնությունն ու համերաշխությունը՝ հավաստիացնելով նաև, որ Արցախում առկա են առաջին անհրաժեշտության որոշ տեսակի պարենամթերքի պաշարներ, որոնք շրջափակման շարունակության դեպքում կբավականացնեն տևական ժամանակ:

Պատգամավոր Դավիթ Մելքումյանն էլ անդրադարձել է շրջափակման վերաբերյալ այս օրերի ադրբեջանական տեղեկատվական կեղծիքներին, որոնց նպատակը Արցախում խուճապ սերմանելն է:

Նրա խոսքով՝ նման այցերի և հանդիպումների նպատակը բնակչությանը նաև ճիշտ տեղեկատվություն փոխանցելն է:

Արցախի Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները հորդորել են չտրվել հակառուսական տրամադրություններ սերմանող քարոզչությանը:

«Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահների, այս պահին լայնածավալ պատերազմի հավանականությունը նվազեցնող միակ գործոնն է»,-շեշտել է Արթուր Հարությունյանը:

Պետնախարարի խորհրդական, օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանն էլ անդրադարձել է պարենային ապրանքների և վառելանյութի առկա պաշարներին վերաբերող հարցերին:

«Տարիներ առաջ պետական որոշակի պահուստ ձևավորվել էր, բայց երկար պահպանման մթերքի՝ մասնավորապես ալյուր, պահածոներ, ցորեն, մոտ 9 անուն ապրանք: Դրանք առկա են և սոված, ամեն դեպքում, չենք մնալու: Սահմանափակ է բենզինի ու դիզվառելիքի ծավալը: Երբ ստեղծվեց օպերատիվ շտաբը, առաջին հերթին գույքագրվեցին դրանց առկա ծավալները և վերահսկողություն սահմանվեց, ըստ որի՝ դրանք ուղղվում են հատուկ ծառայությունների աշխատանքի կազմակերպմանը՝ շտապօգնություն, փրկարար ծառայություն և այլն»,- մանրամասնել է Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով առկա պաշարների խնայողական օգտագործման անհրաժեշտությունը:

Այնուհետև հանդիպումները շարունակվել են Դրմբոն, Կոճողոտ և ենթաշրջանի մի շարք այլ համայնքներում, որոնց ընթացքում երկուստեք պահանջված և անհրաժեշտ են համարվել նման քննարկումները՝ ստեղծված իրավիճակը համախումբ ուժերով հաղթահարելու համար:

Հայերեն English Français Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի