Վարչապետը Ռուսաստանից հստակ պարզաբանման անհրաժեշտություն է տեսնում Լաչինի միջանցքի փակման հետ կապված

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը։ Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին է և իրականության հետ ոչ մի կապ չունի։ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։ Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունը ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ՝ այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ։

«Ո՞րն է իրադրության Ռուսաստանի Դաշնության գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրությունը սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

Եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ, բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը բարձրացնի։ Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ Սրան նախորդել են Փարուխի իրադարձությունները 2022 թվականի մարտին և Խծաբերդի իրադարձությունները 2020 թվականի դեկտեմբերին, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը պետք է դառնա իրենց ամենօրյա աշխատանքի մասը։

«Գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պետք է մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր