Մտահոգիչ է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագիծը չի անցել պատշաճ մասնագիտական քննարկում. ՀՀ ՄԻՊ
3 րոպեի ընթերցում
![Մտահոգիչ է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագիծը չի անցել պատշաճ մասնագիտական քննարկում. ՀՀ ՄԻՊ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1100774.jpg)
ԵՐԵՎԱՆ,29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին է ներկայացվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, նախագծի վերաբերյալ Պաշտպանն ունի մի քանի նկատառումներ.
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը,
առաջարկվող իրավակարգավորումները հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողություն,
միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, կարծիքի արտահայտման ազատության ապահովման և պաշտպանության ՄԱԿ հատուկ զեկուցողի, ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցների և այլ միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում Պաշտպանը եզրահանգել է, որ Նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման,
Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն, ինչպես նաև, թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները։
Կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը, որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն։
Պաշտպանը կոչ է անում նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները։