ՀՀ-ում կրթական ոլորտի առաջատար կազմակերպությունները միջազգային կառույցներին կոչ են արել վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական միության հայաստանյան գրասենյակին, Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և վերջինիս Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանատներին՝ կապված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման և ահագնացած հումանիտար ճգնաժամի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում, մասնավորապես, նշվում է.

«Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։ Փաստացի, պարբերաբար խաթարվել է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում»։

Բաց նամակը ստորագրվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Այբ» կրթական հիմնադրամի, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Շիրակացու ճեմարանի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «ռեԱրմենիա» հիմնադրամի, Հայ կրթական հիմնարկության, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի, «Ես» կրթական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության և «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության կողմից։

Նամակի հեղինակները կոչ են անում միջազգային կառույցներին ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։

«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը և որպես լրացուցիչ միջոց՝ ապահովել օդային հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով»,-ասված է նամակում:

Կազմակերպությունները պահանջում են անհապաղ հանդիպում կազմակերպել ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների հետ՝ ակնկալվող գործողությունների քննարկման նպատակով։ Կազմակերպությունները նմանաբովանդակ նամակներ են պատրաստվում ուղարկել նաև այլ միջազգային կառույցներ։

Նամակի ամբողջական բովանադակության հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայերեն English Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին