Արցախ

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախում որոշ ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախում որոշ ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել գործունեությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Պետնախարարը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և դրա հետևանքների հնարավոր մեղմման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ներկայացվել է իրավիճակը նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարևորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում