Ինովացիա

Text'nPayMe-ն՝ տեքստային կամ ձայնային հրամանով գումար ուղարկելու թվային ստեղնաշար

5 րոպեի ընթերցում

Text'nPayMe-ն՝ տեքստային կամ ձայնային հրամանով գումար ուղարկելու թվային ստեղնաշար

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբևէ մտածե՞լ եք ցանկացած սոցիալական ցանցում, մեսենջերում, մուտքագրման դաշտ ունեցող ցանկացած այլ հավելվածի միջոցով գումար ուղարկելու մասին: Text'nPayMe-ն թվային ստեղնաշարը տալիս է այդ հնարավորությունը. անհրաժեշտ է ընդամենը օգտագործել տեքստային կամ ձայնային համապատասխան հրաման և հաստատել գործարքը: Արթուր Կարապետյանի և Միհրան Բաբայանի ստեղծած ստարտափը չունի նմանօրինակը:

8D1A2138.JPG (409 KB)

«Երբ սոցիալական ցանցերը սկսեցին վճարումների հնարավորություն տալ, հասկանում էի, որ շուտով բանկերը կարող են ընդհանրապես չլինել։ Ինձ համար բանկերը, որպես կառուցվածք, հին են: Հասկացա՝ ոչ թե բանկերը չեն լինի, այլ կստեղծվի սոցցանցային մոնոպոլ իրավիճակ, քանի որ դրանք մեր ամբողջ կյանքի տվյալներն ունեն, նաև կտիրապետեն մեր բանկային տվյալներին։ Պետք էր այս ուղղությամբ ինչ-որ լուծում մտածել ու 2019 թվականին կոնկրետ ծրագրային լուծմամբ սկսեցի թիմ հավաքել ու մշակել Text'nPayMe-ի գաղափարը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ստարտափի համահիմնադիր Արթուր Կարապետյանը։

8D1A2163.JPG (358 KB)

Text'nPayMe-ն տրամադրում է մոբայլ ստեղնաշար ու Google Chrome զննարկիչի հավելում։ Մոբայլը սմարթֆոնների համար է, սակայն կա մարդկանց մեծ զանգված, որ դեռ սովոր է բանկային գործարքներն իրականացնել համակարգչով, հետևաբար իրենց համար մտածել ենք զննարկչի լուծումը։

Օգտատերն իր մոտ է ներբեռնում ծրագիրը, ինչպես, օրինակ՝ հայերենի ստեղնաշարն ենք ներբեռնում, գործարկում ու սովորական ստեղնաշարը դառնում է վճարային։ Քարտը կցելուց հետո հնարավոր է արդեն գործարքներ կատարել։ Ստեղնաշարը կարողանում է ֆինանսական տրամաբանական հրահանգները ընկալել որպես դրամ ուղարկելու գործողություն:

8D1A2174.JPG (251 KB)

«Օրինակ՝ Instagram-ով ստեղնաշարի միջոցով կոնկրետ տեքստային կամ ձայնային հրահանգով հնարավոր է գումար ուղարկել։ Անհրաժեշտ է մուտքագրել, օրինակ, «ուղարկել 500 դրամ» սմարթֆոնի կոնտակտային ցանկում գրանցված մարդու անունը ու, եթե նա իր բջջային հեռախոսահամարով որևէ բանկային քարտ ունի, գործարքն իրականացվում է»,- ներկայացրեց ստարտափի համահիմնադիրը։

8D1A2210.JPG (331 KB)

Հիմնադիրները մտածել են նաև անվտանգության մասին: Գումար ուղարկելը վերջնական հաստատելու համար պետք է մուտքագրել քարտի գաղտնաբառը կամ հաստատել բիոմետրիկ մեթոդով՝ մատնահետքի սքանավորման կամ էլ Face ID-ի միջոցով։ Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ սմարթֆոնը գողանան կամ այլ անձ հասանելիություն ստանա դրան, փոխանցումներ կատարելը կանխված է։ Ընկերությունը որդեգրել է հենասյունային 2 քաղաքականություն:

«Zero-knowledge. մենք որևէ անձնական տվյալ մեզ մոտ չենք պահում: Մեր ընկերության կողմից մշակված անվտանգության համակարգը մշակվել է Epam-ի և ոլորտի լավագույն մասնագետների հետ»,- ասաց Կարապետյանը:

PSX_20220813_175348.jpg (5.07 MB)

Ծրագրում կարելի է կցել մինչև 5 քարտ և ընտրել մեկ հիմնականը՝ փոխելու հնարավորությամբ։

«Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր սահմանափակումները: Աշխատում ենք նաև կրիպտո արժույթների ուղղությամբ՝ ավելի կոնկրետ, հնարավորություն կլինի կցել որևէ կրիպտո արժույթի դրամապանակ: Հայաստանում բանկային փոխանցումները շատ տարածված են, մարդկանց մեծամասնությունը շարունակում է գումարը արտերկիր ուղարկելու հնարավորությունից օգտվել, դրա ամենահեշտ տարբերակը կլինի կրիպտո արժույթի միջոցով փոխանցումը»,- նշեց Text'nPayMe-ի համահիմնադիրը:

Թիմում այս պահին ունեն 9 մարդ։ Այն սկսել են ձևավորել 2022-ի փետրվարից, երբ ֆինանսավորում են ներգրավել։

Ստարտափը հաղթել է Buissup Global Forum-ում և դրանից հետո սկսել ներդրողների հետ բանակցությունների շրջանը: 2022-ի փետրվարի 28-ին ստացել են իրենց առաջին ներդրումը՝ 130 հազար դոլար։ Այդ ընթացքում դրամաշնորհ են ստացել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

8D1A2207.JPG (321 KB)

«Մասնակցել ենք Startup Wise Guys աքսելերատորին, ինչն ահռելի փորձ ու գիտելիք է տվել։ Անցել ենք Google-ի հետ համագործակցող ռումինական Next FinTech-ի ծրագիրը։ Դիմել ենք նաև մի շարք այլ աքսելերացիոն ծրագրերի, որոնք կենտրոնացած են ավելի շատ Միացյալ Նահանգների շուկայի վրա, օրինակ՝ Բերքլիի SkyDeck-ին, Y Combinator-ին, VISA-ի ծրագրին: Անցել ենք նաև 500 Global միջազգային աքսելերացիոն ծրագիրը, այնտեղ վերջնական կորոշենք մեր շուկա դուրս գալու հստակ ժամկետները»,- նշեց Կարապետյանը։

Կրիպտոարժույթով փոխանցումները դեկտեմբերին հասանելի կլինեն: Բանկային տարբերակով շուկա դուրս գալու մասին հստակ ժամկետներ չկան: Բանակցում են մի ընկերության հետ, որը հնարավորություն է տալիս դեմքը ճանաչելով իդենտիֆիկացնել մարդուն: Նպատակ ունեն գումար ուղարկելու գործընթացը ևս մեկ մակարդակով հեշտացնել:

Կարինա Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում