Արցախ

Ստեփանակերտի ԲԿ-ի մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի ԲԿ-ի մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի խումբ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը: «Մի խումբ բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Նրանց բուժումը և հետազոտությունները պետք է շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում»,-մանրամասնեց Մուսայելյանը՝ հավելելով, որ մեկ բուժառու գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխել Երևան:

Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից անհապաղ Երևան տեղափոխելու ցուցում ունեցող հիվանդներից մեկի վիճակն էլ գնահատվում է ծանր. կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում: «Մեկ հիվանդի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր: Դեկտեմբերի 12-ին կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Եվս երկու հիվանդներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ ինսուլտ, ախտորոշվել է սֆենոիդիտ, կավերնոմայի (գլխուղեղում հեմատոզ գոյացությունների) բարձր հավանականություն: Հետզհետե ծանրացող վիճակում է: Մյուսը գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն )»,-ասաց Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ի տնօրենը՝ հավելելով, որ նրանց ևս անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել և բուժօգնություն ցուցաբերել Երևանում։

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում