Արցախ

Ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Լաչինի միջանցքը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Լաչինի միջանցքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

«Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությւան արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնեց, որ ճանապարհն այս պահին երկկողմանի փակ է: «Մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են միջպետական ավտոճանապարհի Շուշիի հատվածը»,- ասաց Թադևոսյանը:

Ադրբեջանցիները նույն պատճառաբանությամբ Արցախը Հայաստանին կապող մայրուղին փակել էին նաև դեկտեմբերի 3-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում