Քաղաքականություն

Փաստական տվյալներ կան, հնարավոր չէ հերքել. ԱԽ քարտուղարը՝ միջազգային մեխանիզմ ստեղծելու համաձայնության մասին

3 րոպեի ընթերցում

Փաստական տվյալներ կան, հնարավոր չէ հերքել. ԱԽ քարտուղարը՝ միջազգային մեխանիզմ ստեղծելու համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական կողմից հնչող հերթական հայտարարությանը, որով Ադրբեջանը հերքել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ համաձայնությունը Վաշինգտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին խոսեց ԱԺ-ում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը փորձում է հերքել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հարցը քննարկել միջազգային մեխանիզմով:

«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան: Բանակցություններում միայն հայկական կողմը չի եղել: Ամերիկյան կողմն էլ է եղել: Կա դրա մասին արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց՝ զարմանում է, որ հերքվում է փաստված բանը:

«Բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու, որ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ»,-ասաց Գրիգորյանը:

Հայկական կողմը վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում միջազգային գործընկերների կողմից հետաքրքրություն է նկատել՝ այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները: Գրիգորյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի հասնել այդ նպատակին:

Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Վաշինգտոնում համաձայնություն է եղել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, սակայն մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Դրանից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է Արմեն Գրիգորյանի հայտարարությունն ու պնդել, որ «ԼՂ-ի հայության իրավունքների հարցն Ադրբեջանի ներքին գործն է, և չեն պատրաստվում դա քննարկել որևէ այլ երկրի հետ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում