Արցախի օրենսդրությամբ հանքի շահագործումը թույլատրված է, և այն շարունակելու է աշխատել. Արթուր Հարությունյան

6 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցության ղեկավարների և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հանդիպմանը քննարկվել է դեկտեմբերի 3-ի միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ առաջ են քաշել Արցախում հանքերի շահագործման, ինչպես նաև պոչամբարների վտանգավորության մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ հարցեր:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ նշելով, որ Արցախի խորհրդարանականները, ներկայացնելով իրենց տեսակետները, անթույլատրելի են համարել ադրբեջանցիների կողմից նման մոնիթորինգի իրականացումը:

«Մենք ունենք համապատասխան կարգեր, և օրենքով ամբողջությամբ կարգավորված է ոլորտը: Կաշենի հանքավայրի շահագործումն իրականացնող «Բեյզ մեթըլս» ընկերությունն ունի բավականին բարձրակարգ մասնագետներ: Բացի այդ, հանքի շահագործման, պոչամբարների կառուցման, հետագա շահագործման մասով կան համապատասխան բոլոր եզրակացությունները: Ներկայացրել ենք մեր տեսակետն այն առումով, որ, եթե անհրաժեշտություն լինի տարածաշրջանում էկոլոգիական խնդիրներից ելնելով մոնիթորինգ իրականացնելու, ապա այդ դեպքում գոյություն ունեն միջազգային անկախ հեղինակավոր կազմակերպություններ, որոնք կարող են այդ եզրակացությունները տալ, որն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր նորմերին: Ադրբեջանի կողմից որևէ ներկայացուցիչ կամ մոնիթորինգային խումբն անընդունելի է, այսինքն՝ նրանց հետ այս հարցն ընդհանրապես կապ չունի»,-մանրամասնեց Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման հետ կապված խոսակցություններին:

«Պարզաբանում ենք ստացել, որ դրա մասին ընդհանրապես խոսք չկա ու չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ինչպես նաև միջանցքի տրամաբանությանը: Սակայն, մեզ ներկայացվել է, որ Ադրբեջանի կողմից եղել է առաջարկություն, որպեսզի ռուս խաղաղապահների առաջին անցակետում տեղադրվի զննող-սկանավորող սարքավորում, որը պետք է ստուգի բեռնատար մեքենաներով տեղափոխվող բեռը՝ հիմնականում զենք-զինամթերքի և այլ նմանատիպ ապրանքների համար: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ սարքը չտեղադրվի, քանի որ դա նույնպես հակասում է վերը նշված տրամաբանությանը: Վերահսկողության տարբեր այլ մեխանիզմներ կան, որոնք կարող են այս պահին օգտագործել: Բացի դրանից, նաև ներկայացվել է, որ, եթե խոսքն անգամ վերաբերում է որոշակի սպառազինության, որևէ փաստաթղթով արգելված չէ մեր ինքնապաշտպանությունն իրականացնելու և այն կազմակերպելու համար համապատասխան միջոցները ունենալը»,-ընդգծեց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ քննարկումներում դեռ հստակ, վերջնական որևէ որոշում չկա:

«Այս առումով հստակ է մեր դիրքորոշումը՝ անցակետի մասին խոսք անգամ լինել չի կարող, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ սարքավորումը չտեղադրվի և, եթե անգամ վերահսկողություն իրականացնելու լինեն, ապա՝ այլ մեխանիզմների կիրառմամբ: Դրանով Ադրբեջանը փորձում է առաջին քայլը անել, հետո հաջորդը կանի, այսինքն այս քայլերով միջանցքը դառնալու է սովորական ճանապարհ, ինչը մեզ համար անընդունելի է»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ադրբեջանցի լրագրողների և իբր բնապահպանների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածը փակելուն և խաղաղապահների դեմ իրականացվող սադրանքներին՝ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ դեկտեմբերի 3-ին այնտեղ հավաքվածների մեծ մասը բնապահպանության կամ բնապահպանների հետ որևէ առնչություն չունի:

«Նրանք հատուկ ծառայությունների աշխատողներ էին: Այդ տեղեկատվությունն արդեն կա: Ուղղակի բնապահպանական քողի տակ պատրվակ է սադրանքներ իրականացնելու համար: Իբրև թե պայմանավորվածության համաձայն՝ նրանք բանակցություններ պետք է վարեն ռուս խաղաղապահների հետ, ինչ-որ աշխատանքային պլան փորձեն ներկայացնել մոնիթորինգի իրականացման համար: Բայց վտանգավորությունը ստուգելու և բնությանն ինչ-որ վնաս պատճառելու հարցերով եզրակացություն տալու համար կան միջազգային լուրջ կազմակերպություններ, որոնց միջոցով դա կարող է իրականացվել: Մեր օրենսդրությամբ, կարգերով, բոլոր նորմերի համաձայն է այդ հանքերի շահագործումն իրականացվում: Սրանք սադրանքներ են, որոնք ադրբեջանցիները փորձում են իրականացնել ընտրված ուղղություններով»,- ասաց ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Անդրադառնալով ադրբեջանցիների տարածած տեղեկություններին, թե իբր ռուսական խաղաղապահ հրամանատարի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախում բնական ռեսուրսների շահագործումն արգելելու վերաբերյալ՝ Արթուր Հարությունյանը շեշտեց, որ Արցախի Հանրապետությունն ունի օրենսդրություն բնապահպանության վերաբերյալ, ըստ որի կանոնակարգվում է ոլորտը՝ անհրաժեշտության դեպքում նաև հրավիրելով արտասահմանյան մասնագետների:

«Ամեն դեպքում մեր օրենսդրությամբ այդ հանքի շահագործումը թույլատրված է, և այն շարունակելու է աշխատել»,-եզրափակեց Հարությունյանը:

Վան Նովիկով

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ