Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին

2 րոպեի ընթերցում

Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Ջերմուկ, ծանոթացել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:

«Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր»,- ասել է Ինյարիտուն:

Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:

Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի առողջարան, Կեչուտի գերեզմանատուն եւ ճոպանուղի:

Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառման հետեւանքով առողջարանային քաղաքի կրած վնասները եւ այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով:

Հյուրերին դիմավորել եւ սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակն ու խնդիրները ներկայացրել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Ըստ նրա` ներկա պահին իրավիճակը քաղաքում հանգիստ է, սակայն սպառնալիքները մշտապես առկա են:

Տաթեւիկ Գասպարյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը` նշելով, որ դրանք միջազգային հանրությանը եւս մեկ անգամ իրականությունը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում