Ինովացիա

Հերթագրվել բժշկի մոտ առանց զանգի և հերթում սպասելու. հայկական Doctor Yan ստարտափը լուծում է այս և մի շարք այլ խնդիրներ

5 րոպեի ընթերցում

Հերթագրվել բժշկի մոտ առանց զանգի և հերթում սպասելու. հայկական Doctor Yan ստարտափը լուծում է այս և մի շարք այլ խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության և այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի մոտ՝ առանց զանգի և հերթում սպասելու. հայկական Doctor Yan հարթակը ապահովում է այս հարմարավետությունները: Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն և հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակում, հեղինակության առաջխաղացում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Իրինա Ղազարյանը նշեց՝ ստարտափը Հայաստանում արդեն ունի 10 հազար գրանցված պացիենտ-օգտատեր, համագործակցում է մոտ 600 բժշկի հետ։

Ղազարյանը պատմեց՝ մասնագիտությամբ ճարտարապետ է, մեծացել է բժիշկների ընտանիքում ու ծանոթ է եղել ոլորտի ներքին խոհանոցին, ինչ-որ պահի նաև զբաղվել է UI\UX դիզայնով, ինչը նույնպես նպաստել է հարթակի ստեղծման գաղափարին։

«Բժիշկներն օրվա տարբեր ժամերի անվերջ հեռախոսազանգեր են ստանում, և պացիենտները հիմնականում խնդրում են այցելության ժամ ամրագրել կամ ինչ-որ արագ այց կազմակերպել: Խնդիրը լուծելու համար միտք առաջացավ ստեղծել հավելված, որը և՛ բժիշկների, և՛ պացիենտների համար օգտակար կլինի։ Մի կողմից պացիենտները կկարողանան բժշկի գնալ առանց զանգի ու ծանոթի, մյուս կողմից էլ բժիշկների կյանքը կթեթևանա անվերջ հեռախոսազանգերից ու հերթերից»,- նշեց նա:

Հարթակը բաղկացած է երկու հավելվածից ու մեկ կառավարման պանելից։ Այն հասանելի է հայերենով, անգլերենով և ռուսերենով։

Պացիենտների համար նախատեսված հավելվածը թույլ է տալիս տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների շարքում գտնել ու ընտրել բժիշկ: Բժիշկ ընտրելուց հետո պացիենտը տեսնում է բժշկի մոտ ազատ ժամերը և ամրագրում այց՝ իրեն հարմար օրվա և ժամի համար։

Բժիշկներն էլ իրենց հավելվածի միջոցով ստանում են ծանուցում նոր ամրագրված այցի մասին և, ըստ իրենց հարմարության, ընդունում կամ մերժում հայտը։

Ցանկացող բժիշկները կարող են ներբեռնել և երեք քայլով գրանցվել հավելվածում. լրացնում են կոնտակտային տվյալները, կրթության և աշխատավայրի մասին տեղեկությունը: Կարող են նշել նաև ծառայությունների արժեքը։

«Պացիենտ-օգտատերերի համար հավելվածն անվճար է: Բժիշկներն հավելվածից որոշ ժամանակ կարող են անվճար օգտվել, այնուհետև կարող են վճարել ամսական կամ տարեկան փաթեթների համար, որը հնարավորություն կտա ակտիվացնել հավելվածում առկա այս կամ այն գործառույթները»,- ասաց համահիմնադիրը:

Ղազարյանը նշեց՝ իրականացրել են 2500-ից ավելի այցի ամրագրում, ունեն 1000-ից ավելի ստուգված կարծիք։ Ներկայում, երբ շատ օտարերկրացիներ են տեղափոխվել Հայաստան, նկատում են, որ նրանք նույնպես օգտվում են այս գործիքից ու իրենց միջոցով բավականին շատ այցեր են գրանցում:

«Հարթակը ունի նմանօրինակները Եվրոպայում և ԱՄՆ-ում, սակայն այդ տարբերակները պացիենտ-օգտատերերի հարմարավետության վրա են կառուցված: Մեր տարբերակը մատչելի է և՛ պացիենտ-օգտատերի, և՛ բժիշկների համար: Օրինակ, բժիշկները 5 տարում պետք է հավաքեն 200 կրեդիտ, որպեսզի կարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Նրանք պետք է անընդհատ մասնակցեն տարբեր միջոցառումների, որոնք կրեդիտավորված են, որպեսզի հավաքեն այդ միավորները։ Հավելվածում մենք ունենք այդ միջոցառումների հատվածը, որտեղ բժիշկները կարող են տեսնել ու տեղեկանալ համապատասխան միջոցառումների մասին ու մասնակցեն»,- մանրամասնեց Ղազարյանը:

Ստարտափը մասնակցել է Armenia Startup Academy-ի ծրագրին, GIZ-ից ստացել 10 հազար եվրո դրամաշնորհ, ինչպես նաև FAST հիմնադրամի հրեշտակների ցանցից ներգրավել է ֆինանսավորում: Այն դարձել է նաև «Գաղափարից բիզնես» հեռուստահաղորդման հաղթողը և դրամաշնորհ ստացել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից։

«Որոշակի եկամուտ մենք ինքներս գեներացնում ենք, դրամաշնորհները օգնում են հավելվածում նոր գործառույթներ ավելացնելու և թիմը պահելու համար: Ընդլայնում ենք նաև համագործակցությունների շրջանակը: Փորձում ենք գործակցել ապահովագրական, դեղագործական ընկերությունների, ոլորտում այլ խաղացողների հետ: Նախատեսում ենք նաև Armed հարթակի հետ գործակցել»,- նշեց Ղազարյանը:

Հարթակի համահիմնադիրը նշեց՝ ծրագրում են մուտք գործել այն շուկաներ, որոնք նման է Հայաստանի շուկային և ունեն նմանատիպ խնդիրներ։ Աստիճանաբար ավելացնելու են գործիքները, որոնք կհեշտացնեն բժիշկների և պացիենտ-օգտատերերի առօրյան։

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում