Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու պարգևատրվեցին «Արցախի հերոս» կոչումով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե Արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին հանձնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Քառօրյա պատերազմում իր որդին և բոլոր տղաները տվել են իրենց ամենաթանկը՝ կյանքը՝ հանուն հայրենիքի:

«Արցախը մեր սրբավայրն է, ես երախտիքի խոսք եմ ուզում ասել ի դեմս Արցախի նախագահի՝ Արցախի ժողովրդին, մեր զավակների արած գործն ու սխրանքը գնահատելու ու արժևորելու համար: Սա գնահատանք է, արժևորումն է մեր տղաների գործած սխրանքի: Իսկ մեզ՝ ծնողներիս, սա օգնում է, որպեսզի կարողանանք ապրել»,- ասաց հերոսի հայրը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ 116-րդ դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:

«Հակառակորդը, չունենալով շոշափելի առավելություն, ընդունեց զինադադարի պայմանները, և դա մեր հերոս տղաների շնորհիվ: Ես խոնարհվում եմ իրենց առաջ: Այս պարգևատրության արարողությունը վաղուց էինք պլանավորել և մեր եզդի Քյարամի պարգևատրումը ցանկանում էինք իրականացնել եզդիների Ազգային որևէ մեծ տոնի ընթացքում՝ իրենց հայրենակիցների ներկայությամբ, բայց, կարծես, ամեն անգամ որևէ բան խանգարում էր: Այսօրվա ընտրված վայրն էլ ոչ պակաս խորհրդանշական է. այն տեղի է ունենում Արցախի Հանրապետության Երևանյան ներկայացուցչության գրասենյակում: Սա Արցախի ժողովրդի շնորհակալությունն է բոլոր մեր հերոսներին և մեր եզդի եղբայրներին ու քույրերին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Արցախի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայր Համիկ Սլոյանն իր խոսքում նշեց, որ միշտ հպարտություն են զգացել իրենց եղբոր սխրանքով:

«Միշտ հպարտացել ենք ոչ միայն Քյարամի՝ այլև մեր բոլոր հերոսներով, քանի որ Քյարամի դեպքից հետո սահմանին զոհված յուրաքանչյուր զինվոր մեզ համար Քյարամ է: Իսկ կոչում շնորհելը կարևորվում է նրանով, որ իրենց արած հերոսությունը գնահատվում է»,-ասաց նա:

Համիկ Սլոյանը պատմեց, որ իր որդուն անվանակոչել է եղբոր անունով, չնայած նրան, որ եղբոր բացը ոչինչ չի լրացնի, բայց փորձում են նրա կարոտը և բացը լրացնել փոքրիկ Քյարամով:

Հայերեն English Français Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված