Հայաստանն օտարերկրացիների աչքերով. լեհ Յոլա Գոժջիկին ամենից շատ գրավել է հայերի հյուրասիրությունն ու ջերմությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ լեհ Յոլա Գոժջիկն արդեն մի քանի տարի է՝ ինչ ապրում է Հայաստանում, դասավանդում է ու վայելում երկիրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա պատմեց, որ շատ է սիրում Հայաստանի բնությունը, սիրում է հեծանիվով շրջել, լեռներ բարձրանալ:

«Արդեն երկու անգամ եղել եմ Արագածի գագաթին, հաղթահարել եմ Խուստուփի բարձունքը: Ինձ բախտ է վիճակվել նաև լինել Արցախում. այդ այցը ես շատ մեծ ջերմությամբ եմ հիշում: Հայաստանը շատ բազմաբնույթ երկիր է»,- ասաց նա:

Յոլա Գոժջիկն ընդգծեց, որ տարիներ շարունակ մտածում էր Լեհաստանից դուրս աշխատելու, լեհերեն դասավանդելու մասին: Երկար մտորումներից հետ նրա ընտրությունը կանգ առավ Հայաստանի վրա: Ավելի ճիշտ, ինչպես ինքն է ասում, Հայաստանն ընտրեց իրեն:

Երբ եկել է Հայաստան, սկզբում չի մտածել, որ այսքան երկար կմնա, պլանավորել էր աշխատել մեկ կամ երկու տարի, բայց հայերի հյուրասիրությունն ու ջերմությունը նրան պահեցին Հայաստանում:Յոլա Գոժջիկը լեհերեն է դասավանդում Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում:

«Բնականաբար սկզբում կային դժվարություններ՝ մշակույթի հետ կապված: Ամենաշատը ուշադրությունս գրավեց քաղաքացիների շրջանում ժամանակի զգացողության ընկալումը: Զգում եմ, որ այստեղ մարդիկ չեն շտապում, երբեմն ուշանում են և այդ ամենին շատ հանգիստ են վերաբերվում:

Հիշում եմ՝ երբ նոր էի եկել , առաջին օրերին Ֆիլհարմոնիայի համերգի տոմս էի գնել և անհանգստանում էի, որ ժամը 7-ից մեկ րոպե է պակաս, ես արդեն ուշացել եմ, ինձ էլ ներս չեն թողնի, բայց մոտեցա ու տեսա, որ երաժիշտներն անգամ հանգիստ դրսում ծխում են: Դա սկզբում մի փոքր տարօրինակ էր ինձ համար, նույնիսկ ջղայնանում էի, բայց հիմա ընդհակառակը՝ արդեն սովորել եմ, և նույնիսկ հաճելի է: Սկսել եմ ինքս էլ չշտապել»,- ժպիտով ասաց Յոլան:

Պանի (խմբ. լեհերեն՝ տիկին) Յոլան պատմեց, որ սկզբնական շրջանում իրեն զարմացնում էին հայերի այնպիսի հարցերը, որոնք ավելի շատ կապված էին անձնականի հետ՝ օրինակ քանի՞ տարեկան է, ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ:

«Լեհերը երբեք այդպիսի հարցեր չեն տալիս: Դա մի քիչ նյարդայնացնող էր սկզբնական շրջանում, բայց հետո հասկացա, որ այդ ամենը անում են, որովհետև հայերի համար ընտանիքը շատ կարևոր է, և հարցերը չեն տալիս հետաքրքրությունից դրդված»:

Պանի Յոլան շատ է սիրում հայկական խոհանոցը, հատկապես՝ սմբուկով պատրաստած բոլոր ուտեստները:

Գայանե Գաբոյան

Հայերեն Español

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա