Ոգեշնչված Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական գործերով՝ հեծանվորդ զույգը Նորվեգիայից հասել է Հայաստան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու 100-ամյակի առթիվ 64-ամյա Լեյֆ Կագեն և 51-ամյա Հեյդի Կվամմենը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից հեծանիվներով ուղևորվել են Հայաստան:

Նանսենի անվան դպրոցի սաները նրանց դիմավորեցին Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի բակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զույգը հեծանվարշավը սկսել է Նորվեգիայից, հասել են Շվեդիա, Լատվիա, Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա, Վրաստան և վերջում՝ Հայաստան: Մեկնարկը սկսել են սեպտեմբերի 1-ին և 75 օր եղել են ճանապարհին: Նրանք պլանավորում են ձմեռն անցկացնել Հայաստանում և գարնանը շարունակել իրենց Ճանապարհորդությունը:

Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրեն Ֆելիքս Բաղչինյանն ասաց, որ այս տարի լրանում է Ֆրիտյոֆ Նանսենի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու և նանսենյան անձնագրերի ստեղծման 100-ամյակը, ինչի շնորհիվ 320 հազար մազապուրծ հայ գաղթականներ փրկվել են և իրենց երկրորդ տունն են ստեղծել աշխարհի 54 երկրներում:

«Մեր բարեկամների՝ Լեյֆ Կագենի և Հեյդի Կվամմենի այցը կրում է «Նանսենի հետքերով» խորագիրը, և մոտ 100 տարի անց նրանք պետք լինեն այն բնակավայրերում, որտեղ եղել է մեծ մարդասերը՝ Նանսենը: Հեծանվորդները կլինեն Արմավիրում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում և Վանաձորում, Դիլիջանում և Սևանում»,-ասաց նա:

Հեյդի Կվամմենը ողջունեց բոլորին, շնորհակալություն հայտնեց իրենց դիմավորելու համար և ընդգծեց, որ իրենք հեծանիվներով անցել են շատ երկար ճանապարհ. մինչև Հայաստան հասնելն անցել են 11 երկրով, երեք ժամային գոտիներով: Նրանք ընդհանուր առմամբ 5 հազար կիլոմետր ճանապարհ են անցել:

«Մեր ճանապարհին մենք հանդիպել ենք շատ բարեհամբույր և օգնող մարդկանց: Երկու ամենամեծ նպատակներն իրականացվեցին. մենք ուզում էինք վայելել այս արկածային ճանապարհորդության ամեն մի վայրկյանը: Երկրորդ նպատակը այն էր, որ հասնեինք Նանսենի թանգարան մինչև ձմեռվա սկսվելը»,- ասաց Հեյդի Կվամմենը:

64-ամյա Լեյֆ Կագեն ընդգծեց, որ այս ճամփորդության գաղափարը սկսել է՝ ոգեշնչված այն բազմաթիվ մարդասիրական գործերով, որոնք իրականացրել է Նանսենը:

«Երբ իմացա, որ Նանսենի թանգարանը ոչ թե Նորվեգիայում է, այլ Հայաստանում, շատ զարմացա: Դա էլ եղավ իմ ոգեշնչման աղբյուրը նման երկար ճանապարհ անցնելու համար: Շատերին զարմանում էր իմ՝ հեծանիվով Հայաստան հասնելու գաղափարը, իսկ այժմ մեր առաքելությունն է նաև ամբողջ աշխարհում տարածել Նանսենի կատարած աշխատանքի և Երևանում գործող թանգարանի մասին: Ինչպես նաև այն, որ Նանսենը հերոս է այս տարածաշրջանում նույնիսկ 100 տարի անց»,- նկատեց Հեյդի Կվամմենը:

Զույգը, պատմեց, որ ճանապարհին նաև քննարկել են, թե ինչպիսին կլիներ Նանսենի արձագանքը ներկայում խաղաղությանը սպառնացող մարտահրավերներին:

«Եվ մենք կարծում ենք, որ նա շատ կտրուկ կքննադատեր: Մենք ունենք Նանսենի կարիքը մեր ժամանակներում՝ ուժեղ անհատականություն և բարձր ձայն, որը կխոսի մարդկության անունից»,- եզրափակեցին նորվեգացիները:

Հայերեն Español Français

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ