Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հետհաշվարկը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքները բուռն փուլում են: Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում ընթանում են բեմի կառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն ասաց, որ դիտարժան շոու է սպասվում, կլինեն նաև անակնկալներ:
«Արտերկրի մեր գործընկերներն արդեն ժամանել են Հայաստան: Հաշված շաբաթների ընթացքում կսկսվեն փորձերը, իսկ դեկտեմբերի 4-ին Հայաստան կժամանեն բոլոր պատվիրակները»,-ասաց նա:
Շուտով կմեկնարկի սպասված շոուի տոմսերի վաճառքը: Կազմակերպիչները նշում են` տոմսերի քանակը սահմանափակ է:
«Տոմսերը վաճառվելու են երկու եթերների համար. մեկը դեկտեմբերի 10-ի` ժյուրիի եթերի համար, մյուսը ` մրցույթային եթերի համար: Սա հրաշալի հնարավորություն է լինելու՝ առաջինը տեսնել շոուն»,- նշեց Ծերունյանը:
Հյուսիսային պողոտայի սկզբնամասում նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»- ի հետհաշվարկի ժամացույցի մեկնարկի արարողությունը: Ժամացույցը միացրեցին 2021 թ.-ին Հայաստանին հաղթանակ բերած Մալենան և «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա հայաստանյան պատվիրակ Նարեն:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց բոլորին, ապա շնորհակալություն հայտնեց Մալենային, ում հաղթանակի շնորհիվ Եվրատեսիլը տեղափոխվել է Հայաստան:
«Երևանն այս տարի հատուկ տոնական պատրաստություններ է տեսնում թե՛ Եվրատեսիլի, թե՛ Ամանորի կապակցությամբ, և մենք դեռևս որոշակի անակնկալներ ունենք երևանցիների համար»,- ասաց Ավինյանը:
Հանրային հեռուտաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ հավելեց, որ մրցույթի կազմակերպման ակտիվ փուլն արդեն սկսված է:
«Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Եվրատեսիլի բացման արարողությունը, որը մեծ տոն է լինելու»,- ասաց նա: Ի դեպ, այդ օրը կմիացվեն նաև Գլխավոր տոնածառի լույսերը:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին 16 երկիր է մասնակցելու: Այն կկայանա դեկտեմբերի 11-ին` Երևանում: