Հասարակական

Հայ-չեխական արշավախումբը Հայաստանում բեզոարյան այծի որսով զբաղվող որսակայան է հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Հայ-չեխական արշավախումբը Հայաստանում բեզոարյան այծի որսով զբաղվող որսակայան է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-չեխական համատեղ արշավախումբը Նորավանքի կիրճում` Գնիշիկաձորի պեղավայրում, հետաքրքիր բացահայտումներ է արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանն ասաց, որ Գնիշիկաձորում արշավախումբը երկու հուշարձանում է պեղումներ իրականացրել:

«Այս տարի պեղել ենք Գնիշիկաձորի հնագիտական համալիրը և «Համար մեկ» անունով ժայռածածկը: Գնիշիկաձորում արդեն բացված հուշարձանից բավական ներքև, մեր չեխ կոլեգաները գեոռադարի միջոցով ինչ-որ պատի հետքեր էին ֆիքսել: Մեր նպատակն էր պարզել` այդ պատը կա՞ իրականում, թե՞ ոչ»,-ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ պատը նման է հին հնձանի, որտեղ պեղումների արդյունքում նաև հին շերտագրական միավորներ են ֆիքսվել, որի ուսումնասիրությունը բաժին կհասնի ապագա պեղումներին:

«Համար մեկ» ժայռածածկի պեղումներին անդրադառնալով` Բորիս Գասպարյանն ասաց, որ ուսումնասիրությունների ընթացքում նետասլաքներ, ոսկրային զանգվածներ են հայտնաբերվել:

«Ամբողջ տվյալների ժամանակագրությունը դեռ չունենք, բայց ամենայն հավանականությամբ դա շարունակական որսակայան է եղել և հիմնականում ուղղված է եղել բեզոարյան այծի որսին: Դատելով ոսկրային մնացորդներից, նետասլաքներից՝ մարդիկ այդ որսորդական կայանում զբաղվել են բեզոարյան այծի որսով»,-հավելեց հնագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում