ՇԱՆՀԱՅ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արևելյան հատվածում` Յանցզի գետի գետաբերանին և Խաղաղ Օվկիանոսի ափին տեղակայված Շանհայ քաղաքն աշխարհին է ներկայանում բացառիկ ձեռքբերումներով և ռեկորդներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Շանհայ: Ավելի քան 6340,5 քառակուսի կիլոմետր տարածությամբ մոտ 25 միլիոն բնակչությամբ Շանհայը համարվում է Չինաստանի նորարարական և ֆինանսական կենտրոններից մեկը: Քաղաք, որտեղ կյանքի միջին տևողությունը ամենաբարձրերից մեկն է աշխարհում ՝ 84 տարի:
Շանհայը ոչ միայն Չինաստանի ամենաբարգավաճ տնտեսական կենտրոնն է, այլև աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը. 2021 թվականին քաղաքի ՀՆԱ-ն հասել է մինչև 4,32 տրիլիոն յուանի, ինչն աշխարհում 4-րդ ցուցանիշն է: 2021 թվականին Շանհայի նավահանգստի միջոցով առևտրի ընդհանուր ծավալը գերազանցել է 10 տրիլիոն յուանը ՝ պահպանելով աշխարհում առաջին տեղը։ Հենց այստեղ է, որ հաջողությամբ կյանքի է կոչվում Չինաստանի միջազգային իմպորտ-էքսպոն: Ընդհանուր առմամբ, 1078 ապրանքանիշներ քաղաքում բացել են իրենց առաջին չինական խանութները, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ երկրում:
Շանհայը համաշխարհային նավագնացության կարևոր կենտրոններից է: Որպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան օդային հաղորդակցության կենտրոն՝ Շանհայը շարունակում է մնալ երրորդ տեղում Xinhua-Baltic International shipping Center (ISCD) 2021 թվականի զարգացման ինդեքսում: 2021 թվականին քաղաքի օդանավակայանների ուղևորահոսքը գերազանցել է 65 միլիոնը։ Շանհայի օդանավակայաններում բեռների և փոստի ավիափոխադրումների ծավալը մոլորակի երրորդ ամենամեծն է:
2021 թվականի վերջին այստեղ ստեղծվել է ընդհանուր առմամբ 68 արտասահմանյան լրատվական գործակալություն, բազմազգ ձեռնարկությունների 831 տարածաշրջանային կենտրոնակայան և օտարերկրյա ներդրումներով 506 հետազոտական կենտրոն։
Շանհայը աշխարհահռչակ մշակութային մայրաքաղաքներից մեկն է: Քաղաքում կա 23 հանրային գրադարան և 158 թանգարան, որոնք 2021 թվականին ունեցել են համապատասխանաբար 12,93 միլիոն և 16,46 միլիոն մարդ: 2021 թվականին Շանհայ է այցելել 1միլիոնից ավել օտարերկրյա զբոսաշրջիկ:
Պատմական ակնարկ
Չինարենում Շանհայը կրճատ կոչվում է «Հու», ինչպես նաև օգտագործվում է «Շեն» տարբերակը: 1292 թվականին Յուան դինաստիայի կենտրոնական կառավարությունը հավանություն է տալիս Շանհայի շրջանի ստեղծմանը, որը համարվում է քաղաքի հիմնման մեկնակետը: 16-րդ դարի կեսերին Շանհայը դառնում է տեքստիլ և արհեստագործական արդյունաբերության ազգային կենտրոն, իսկ 19-րդ դարի կեսերին այն վերածվում է խոշոր առևտրային նավահանգստի: Շանհայն, անցնելով զարգացման տարբեր փուլեր, դարձել է ազդեցիկ, գերարդիական քաղաք:
Լինելով Չինաստանի ամենամեծ տնտեսական ներուժ ունեցող քաղաքը՝ Շանհայի բաժինը ընկնում Չինաստանի ՀՆԱ-ի գրեթե 3,8% -ն է՝ չնայած այն զբաղեցնում է երկրի ընդհանուր տարածքի ընդամենը 0,06% -ը: Շանհայի ՀՆԱ-ն գերազանցել է 4 տրիլիոն յուանը, որն աշխարհում 4-րդ ցուցանիշն է։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 26 900 ԱՄՆ դոլարը։
Շանհայը այժմեական Չինաստանի ֆինանսական կենտրոնն է, վերջին տարիներին քաղաքը զգալի ներդրում է ունեցել Չինաստանի տնտեսական և սոցիալական առաջընթացի, ինչպես նաև ֆինանսական արդյունաբերության բարեփոխումների և թափանցիկության ապահովման գործում:
Դեռևս 1990-ականներին, երբ Շանհայը մշակեց իր զարգացման ծրագիրը «21-րդ դարին ընդառաջ», առաջին անգամ առաջ քաշվեց քաղաքը օդային երթևեկության և նավագնացության միջազգային կենտրոն դարձնելու գաղափարը։ Իսկ ահա 2021 թվականին Շանհայի կառավարությունը հայտարարեց առաքման միջազգային կենտրոն կառուցելու հնգամյա ծրագրի մասին, որն ուղղված է մինչև 2025 թվականը զարգացման նոր դինամիկայի ձևավորմանը ՝ բարելավված ծառայություններով, ավելի մեծ ազդեցությամբ, ավելի հզոր տեխնոլոգիական նորարարություններով և ավելի բարձր մրցունակությամբ:
Լինելով աշխարհի ֆինանսական զարկերակներից մեկը` Շանհայը նաև աշխարհին է ներկայանում մշակութային, ճարտարապետական ուրույն լուծումներով: Հենց այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր վայրում տեղակայված գրախանութը, ռեստորանը, աշխարհի ամենաերկար մետրոն, որն ունի 437 կիլոմետր երկարություն աշխարհի մեծագույն սկեյթ այգին, մեծագույն տիեզերական թանգարանը, ամենամեծ հեծանվահրապարակը և այլն:
Այս և բազմաթիվ այլ ձեռքբերումներով հանդերձ՝ Շանհայը չինական բացառիկությամբ, արևմտյան շեշտադրությամբ ներդաշնակ քաղաք է:
Վարվառա Հայրապետյան