Պատերազմական գործողություններն ամենաուղղակի ազդեցությունն են ունենում հողի և օդի աղտոտվածության վրա. ՀՀ նախագահի հարցազրույցը՝ Middle East-ին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) ընդառաջ հարցազրույց է տվել Middle East լրատվական գործակալությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարցազրույցի ընթացքում նախագահը մասնավորապես անդրադարձել է համաժողովում Եգիպտոսի նախագահությանը, կլիմայական խնդիրների լուծումներին, այդ համատեքստում Հայաստանի սահմանած առաջնահերթություններին, համաժողովից ակնկալիքներին, ինչպես նաև հայ-եգիպտական հարաբերություններին:

«Համաժողովի նախագահող կողմ լինելով՝ Եգիպտոսը հնարավորություն ունի զարգացած և զարգացող երկրներին միավորել ընդհանուր շահերի շուրջ՝ ստեղծելով առավել բարենպաստ մթնոլորտ հիմնական մարտահրավերները լուծելու համար: Համաժողովը հնարավորություն է ամբողջ աշխարհի համար գնահատել վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած կլիմայական իրադարձությունները և սերտ համագործակցել՝ հաղթահարելու կլիմայական ճգնաժամը՝ հաշվի առնելով երկրների միջև տարբերակվող ազգային պայմանները և հնարավորությունները։ Համաժողովը նաև հարթակ է խրախուսելու կլիմայական ֆինանսավորումը կանաչ տնտեսական համակարգերի անցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության համար, բարձրացնելու զարգացող երկրների իրազեկվածությունը կլիմայական տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև ավելացնելու գլոբալ կլիմայական հավակնությունները»,- ասել է ՀՀ նախագահը:

Նախագահը ընդգծել է 27-րդ համաժողովի կարևորությունը նաև այն պատճառով, որ այն կարող է առաջընթաց գրանցել կլիմայի ֆինանսավորման հարցում, մասնավորապես՝ կլիմայի ֆինանսավորման համարժեքությունը և կանխատեսելիությունն առանցքային է Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար:

Խոսելով միգրացիոն հոսքերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին, նախագահը նշել է, որ առավել հաճախակի և տևական դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպիսիք են կարկտահարությունը, վաղ ցրտահարությունը, գարնանային վարարումները, սելավները, սողանքներն ու երաշտը, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության վրա և այդ ամենի հանրագումարը նաև իր ազդեցությունն է թողնում միգրացիոն հոսքերի վրա, որոնք ընթանում են ոչ միայն մոտակա բնակավայրերի, այլ նաև մայրցամաքների միջև: Նրա խոսքով՝ ովքեր ապրում են կլիմայապես ավելի հարմար պայմաններով տարածաշրջաններում, հատկապես հյուսիսային տարածաշրջաններում, պետք է տեղավորեն միլիոնավոր միգրանտների՝ միաժամանակ հարմարվելով կլիմայական ճգնաժամի պահանջներին: Նախագահն ընդգծել է, որ ռազմական բախումներն ու պատերազմական գործողություններն ամենաուղղակի ազդեցությունն են ունենում հողի և օդի աղտոտվածության վրա, անմիջական ազդեցություն են ունենում գյուղատնտեսական նշանակության ցանքատարածությունների, կանաչապատ տարածքների և անտառների վրա: Ասվածի ամենապարզ և ամենավառ օրինակները ռազմական գործողությունների ընթացքում առաջացող լայնամասշտաբ անտառային հրդեհներն են, արկերի պայթյունից՝ հողի և օդի աղտոտվածության բարձրացումը և այլն:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղել ջանքերը՝ դիմակայելու նմանօրինակ խնդիրներին, քանի որ տարբեր հակամարտությունների և առավել ևս ռազմական բախումների հետևանքները չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի և բնակլիմայական պայմանների վրա, որն ընդգրկում է հակամարտության գոտիները գերազանցող աշխարհագրական մեծ տարածքներ և, իհարկե, քաղաքացիական բնակչությունը: Նրա խոսքով՝ գլոբալ զանգվածային միգրացիան տեղի է ունենում ոչ միայն կլիմայի աննախադեպ փոփոխության, այլ նաև մարդկային ժողովրդագրության փոփոխության ժամանակ: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է՝ ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել առաջիկա տասնամյակների ընթացքում՝ 2060-ականներին հասնելով շուրջ 10 միլիարդի, իսկ բնակչության աճի մեծ մասը գրանցվում է արևադարձային շրջաններում, որոնք ամենաշատն են տուժում կլիմայական փոփոխության ազդեցությունից:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ կլիմայի փոփոխությանը հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար: Կառավարության կողմից 2021 թվականին հաստատված «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը» հասցեագրում է ջանքերը՝ ուղղված ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում հարմարվողականության ինտեգրմանը, ինչպես նաև «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողություններին»:

Հայաստանի կառավարությունը սահմանել է կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ․ այն է՝ 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ: Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը մշակման փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության:

Անդրադառնալով հայ-եգիպտական հարաբերություններին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա և, հետևաբար, դա լավ հիմք է երկու երկրների սերտ և ջերմ հարաբերությունների պահպանման և առավել ամրապնդման համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:

Հայերեն English Русский

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ