Բաքվի վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով. հրատարակվել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գրող և իրավաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հրատարակել է Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային բռնության մասին «Արտաքսում. դեպի անհայտություն» հայերեն թարգմանությամբ գիրքը, որն արտացոլում է ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով: Այն ընթերցողներին կներկայացվի հոկտեմբերի 1-ին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ընդգծեց, որ գրքում ներկայացնում է իր սեփական ապրումները, թե ինչպես 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսևորումների ականատեսը։

«1988-ին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց տարավ համակեցության և մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու և օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Ես այն գրել եմ, երբ դեռ մոտավոր 14 տարեկան էի: Այն նախ գրվեց ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո՝ դարձավ գիրք, ադրբեջանական վայրագությունները ներկայացվեցին փախստական աղջնակի աչքերով: Ես շատ էի վախենում, որ իմ երեխաները, թոռները չեն իմանա, թե մենք որտեղից ենք եկել, և ես այս գիրքը գրել եմ, առաջին հերթին, իրենց համար: Բայց հետագայում ինձ առաջարկեցին այն հանրայնացնել»,- ասաց հեղինակը:

Նա նշեց, որ իր համար շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ գիրքը պետք է հրատարակվեր և՛ անգլերենով, և; ռուսերենով, որպեսզի շատերին հասանելի լիներ:

«Դա շատ կարևոր էր ինձ համար, հատկապես պատերազմից հետո, որովհետև Արցախում տեղի ունեցած պատերազմի հետևանքով այնտեղ ապրող երեխաները տառապում էին այնպես՝ ինչպես ես Բաքվում՝ տարիներ առաջ: Ի սկզբանե չէինք նախատեսում թարգմանել հայերեն, քանի որ կարծում էի՝ Հայաստանում բոլորը գիտեն մեր պատմությունը: Սակայն, պատերազմից հետո շատ երիտասարդների հետ շփվելու արդյունքում հասկացա, որ երիտասարդներից շատ քչերը գիտեն այդ դեպքերի մասին: Դա եղավ պատճառ և որոշվեց գիրքը թարգմանել նաև հայերեն»,- ասաց նա։

Գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանն ասաց, որ գիրքը բավականին հեշտ է թարգմանվել, քանի որ այն գրված է սովորական առօրյա լեզվով՝ գրողի հիշողությունները, նրա օրագրից՝ մանրամասներ:

«Հետաքրքրությամբ թարգմանեցի: Տպավորիչ էին այն հատվածները, թե ինչպես է նկարագրում իրենց այգին, որտեղ սիրել է իր ժամանակն անցկացնել, նկարագրում է թթենու տակ ընկերներով իրենց հավաքների և իր մանկական առաջին սիրո մասին: Այս և էլի շատ հետաքրքիր դրվագներ է սպասվում ընթերցողներին»,- ասաց Անուշ Մուրադյանը:

Աննա Աստվածատուրյան-Թերքոթն այս գրքում Բաքվի հայերի ջարդերի, բնաջնջման և ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։

Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկահայ գրող է և իրավաբան։ Ծնվել է Բաքվում, 1990-ին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան, ապա՝ ԱՄՆ։ 2021-ին դարձել է առաջին ներգաղթյալ կինը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահ։ Ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում։ 2020-ին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը և ընդլայնել բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։

Ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու և բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթն արմատներով սյունեցի է՝ Խնձորեսկ գյուղից։ Սովորել է Հյուսիսային Դակոտայի համալսարանում և ստացել որակավորում Անգլերեն և գրականություն, Փիլիսոփայություն և կրոն, Ռուսերեն և գրականություն բնագավառներում: Իրավագետի որակավորում ստացել է 2003 թվականին Մենի իրավաբանական դպրոցում։ Աննա Աստվածատուրյան֊-Թերքոթը դարձել է Հաագայի միջազգային քրեական դատարանում ամերիկյան առաջին քարտուղարներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել Մեն նահանգում 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ 2013 թվականին արժանացել է Մխիթար Գոշ մեդալի, Լեռնային Ղարաբաղի երախտագիտության մեդալի։ Աննա Աստվածատուրյան Թերքոթը միջազգային իրավունքի և ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում, նաև Կապիտոլիումում։ 2020 թվականին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։ 2021 թվականին դարձել է առաջին կինը և առաջին փախստականը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում: Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Հայերեն Русский

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր