Քանի՞ բնակարան Արցախում շահագործման կհանձնվի այս տարի և ի՞նչ շինարարական ծրագրեր կմեկնարկեն. մանրամասնում է Քաղաքաշինության նախարարը
13 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ընթացիկ տարեվերջին շահագործման կհանձնվեն բազմաթիվ բնակարաններ ու առանձնատներ, մի շարք ասֆալտապատ ճանապարհներ: Արդեն իսկ պատրաստ են հարյուրավոր նոր առանձնատներից ու տասնյակ բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասերի կառուցման նախագծեր: Նախատեսվում է լուսավորման համակարգ անցկացնել Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու երկայնքով և այլն: Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ընթացիկ, ավարտվող և նախատեսվող շինարարական աշխատանքների, խնդիրների ու ձեռքբերումների մասին:
-Պարոն Սարգսյան, վերջերս բարձրաձայնվեց այն մասին, որ շինարարության տեմպերը որոշակի դանդաղել էին. ի՞նչ խնդիր էր: Այժմ վերականգնվա՞ծ է շինաշխատանքների նախկին տեմպը:
-Ընդհանուր առմամբ շինարարության տեմպերն ընթացիկ տարում որոշակի դանդաղել էին, ինչն առաջին հերթին պայմանավորված էր նախարարությունում փաստաթղթավորման գործընթացի գերծանրաբեռնվածությամբ: Խնդիրը կապված էր որոշ օբյեկտներ՝ անցած տարվանից սկսված շինարարությունն այս տարի տեղափոխելու, ինչպես նաև նորերը սկսելու հետ: Այդ պատճառով որոշակի խնդիրների առաջ ենք կանգնել՝ պայմանավորված նախագիծ պատվիրելու, նախահաշիվ կազմելու և այլ փաստաթղթային գործընթացներով: Ուստի որոշել ենք կարճաժամկետ դադար տալ, որպեսզի կարողանանք փաստաթղթերն ի մի բերել , որից հետո ըստ կարգի մրցույթները հայտարարենք և մնացած աշխատանքները շարունակենք: Բացի այդ, շուկայում ներկայումս շինանյութի սղություն է զգացվում՝ հատկապես ցեմենտի ներկրման հետ կապված:Նույն խնդիրն առկա է ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Ներկայումս ցեմենտի հարկման բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված համապատասխան օրենք է ընդունվել, որի շնորհիվ կարծես վերականգնվում են մատակարարումները: Այդուհանդերձ, այս պահի դրությամբ ցեմենտի սղությունն Արցախում դեռ առկա է: Ինչ վերաբերվում է նախարարության աշխատանքին, ապա շինարարության տեմպերի վերականգնմանն ուղղված աշխատանքներն արդեն իրականացված են:
-Պարոն Սարգսյան, Արցախի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ընթացիկ տարում շինարարության ցուցանիշների շարունակական աճ է նկատվում: Եթե ծավալները դանդաղել են, ապա ինչի շնորհիվ են աճում շինարարության ցուցանիշները:
-Արցախում շինարարությունն իրականացվում է մեծամասամբ պետական բյուջեի, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մասնավոր ընկերությունների ներդրումներով: Մասնավորապես՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը սկսվել են անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ շինարարական աշխատանքները շարունակվել են նաև այս տարի: Շինարարության մեկնարկին հաջորդած ժամանակահատվածում հիմնադրամի ներդրած գումարները շարունակաբար աճել են: Նույն կերպ՝ Քաղաքաշինության նախարարության ծրագրերն են մեկնարկել անցած տարվա կեսերից, որից հետո ցուցանիշներն աստիճանաբար աճել են: Նաև հաշվի առնելով, որ անցած տարի շարունակել ենք իրականացնել հրետակոծությունից վնասված բնակֆոնդերի վերանորոգման, վերականգնման, վերակառուցման աշխատանքներ ևս , ֆինանսական ծախսերը համեմատաբար մեծ են եղել: Արդեն 2022 թվականին մենք հիմնականում իրականացրել ենք ենթակառուցվածքների , ճանապարհների և մեծածավալ բնակարանային շինարարական աշխատանքներ: Բացի այդ, աջակցություն է ցուցաբերվել հրետակոծված բնակարանատերերի ու սոցիալական որոշ խմբերի պատկանող անձանց տների վերանորոգման համար:
-Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում նույնպես պատերազմից գրեթե անմիջապես հետո բնակարանաշինական ծրագիր մեկնարկեց: Ինչ ընթացքում են շինաշխատանքները: Քանի՞ տուն է կառուցվել կամ հանձնվել շահագործման:
-Պատերազմից հետո գրություն ենք ստացել Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի ղեկավարից այն մասին, որ գյուղի բնակիչները ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ և բնակվել: Այնուհետև կազմակերպվել են գյուղի այրված, ավերված տների վերականգնման աշխատանքները: Վերանորոգվել, վերակառուցվել և կահավորվել է մոտ 25 առանձնատուն ու դպրոցը: Վերականգնվել է գյուղի էլեկտրամատակարարումը, իսկ ջրամատակարարումն ապահովելու համար արդեն պատրաստ է արտեզյան ջրհորը: Հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներով բնակիչների մեծ մասը չեն վերադարձել , ապա նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու նախանշված ծրագրերը և որոշ աշխատանքներ դադարեցվել են:
-Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերից և առանձնատներից քանիսն այս տարի կհանձնվեն շահագործման:
-Իվանյան համայնքում կառուցվում է երկու թաղամաս, որից մեկում՝ բազմաբնակարան շենքեր, իսկ մյուսում՝ առանձնատներ: Ներկայումս ընթացքում են 20 բնակելի շենքի շինաշխատանքները, որից այս տարի շահագործման կհանձնվի 10-ը՝ 120 բնակարանով, իսկ կառուցվող 107 առանձնատներով թաղամասում ՝ 60 տուն: Բնակելի շենքերի բնակարանները նախատեսված են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից, իսկ առանձնատների մեծ մասը՝ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված ընտանիքների համար: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում ենթակառուցվածքների՝ էլեկտրամատակարարման գծերի ու արտաքին լուսավորության ցանցի անցկացման, ջրամատակարարման ու գազամատակարարման ապահովման, կոյուղագծի և հեղեղատարի կառուցման ուղղությամբ: Հուսով ենք, որ եղանակային պայմանները թույլ կտան, որ հասցնենք մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ավարտել այդ աշխատանքներն ու նշված 60 տունը հանձնել շահագործման: Քանի որ պետությունը ստանձնել է նաև նորակառույց այդ տների կահավորման պարտավորություն, կարծում եմ այդ գործընթացն էլ կսկսենք դեկտեմբերից: Նոր թաղամասին հարակից տարածքում գտնվող եռահարկ շենքն էլ, ըստ նախնական պայմանավորվածության, ծառայելու է որպես դպրոց: Այս թաղամասերի մնացած տներն ու բնակարանները շահագործման կհանձնվեն 2023 թվականի առաջին կիսամյակում:
-Բացի այս երկու թաղամասերը, ընդհանուր առմամբ Արցախում ի՞նչ շինարարական աշխատանքներ են մոտենում ավարտին:
- Ընթացիկ տարում շահագործման կհանձնվեն Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում կառուցվող 100 առանձնատուն, Հովսեփավանում ավելի քան՝ 50: Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, ապա հետպատերազմյան շրջանում Արցախում իրականացվող ամենամեծ ծրագիրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ մայրուղին է, որի ասֆալտապատումն ավարտված է, իսկ այժմ ճանապարհահատվածի կահավորման աշխատանքներն են ընթանում: Այս ճանապարհահատվածով Ստեփանակերտից Մարտակերտ ավտոճանապարհը կկրճատվի շուրջ 20 կիլոմետրով՝ ի տարբերություն Ստեփանակերտ - Դրմբոն - Մարտակերտ գործող մայրուղու։ Ասֆալտապատվել է նաև մայրուղուց դեպի Աստղաշեն և Պատարա ճանապարհահատվածը, որտեղ նույնպես կահավորման աշխատանքներ են իրականացվում: Առաջիկայում կավարտվի մայրուղուց դեպի Դահրավ ճանապարհի ասֆալտապատումը: Այս ճանապարհները հիմնականում կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, որն ընդհանրապես մեծ ներդրում ունի հետպատերազմյան Արցախի վերականգնման գործում: Պետական միջոցներով էլ իրականացվել է Մարտունու և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ մայրուղուն կապող տանող ճանապարհների ասֆալտապատումը:
-Ընդհանուր առմամբ վերականգնվե՞լ են ռազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները:
-Պատերազմի ավարտից հետ ստեղծվեց «Թեժ գիծ», որի միջոցով գրանցվել են ավելի քան 7000 հասցեներում հրետակոծության հետևանքով վնասված շենք -շինություններ: Քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները, որոնք վերաբերում են հրետակոծության վնասների հետ, հիմնականում լուծվել են: Բացի այդ, շինանյութերի տրամադրմամբ ու համապատասխան արհեստավորներին վճարելու միջոցով մեծ աջակցություն է ցուցաբերվել վնասված շինությունների տնտեսվարողներին: Մոտ 90 տոկոսով ռազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնումն ավարտված է, բացառությամբ մոտ 120 օբյեկտի, որ հիմնովին են ավերվել և փոխարենը վերակառուցում է ընթանում կամ նորն է կառուցվում:
-Այս տարի շինարարական ի՞նչ աշխատանքներ եք սկսել :
-Ընթացիկ տարում Համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկել է Իվանյանում կառուցվող 20 շենքից 5-ի շինարարությունը, Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում 32, Կարմիր գյուղում 64 առանձնատներով թաղամասերի, ինչպես նաև Խնածախում՝ Հադրութի Տող, Տումի համայնքներից տեղահանվածների համար նախատեսված 250 և Նորագյուղին կից՝ Դրախտիկից ու Շուշիի Քարին տակից տեղահանվածների համար ենք սկսել երկու թաղամասի շինաշխատանքները: Կառուցել ենք նաև արագ հավաքվող կոնստրուկցիաներով 6 տուն:
-Կա՞ն նախագծեր, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում:
-Այս առումով նախագծման բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել դեռ 2021 թվականին: Նախագծերով հաստատված բոլոր թաղամասերի շինաշխատանքները չէ, որ սկսվել են: Ունենք Առաջաձոր համայնքում՝ 55, Պառավաթումբում էլ 50 տներից բաղկացած բնակելի թաղամասերի, Մարտակերտ քաղաքում 6 բնակելի շենքերի, Ասկերան քաղաքում՝ 4-ի, իսկ Իվանյան համայնքում ևս 4 շենքի կառուցման նախագծեր, որոնք հուսով եմ 2023 թվականի կապիտալ ներդրումների ծրագրով անպայման կյանքի կկոչվեն: Ինչպես գիտեք Նախագահի հստակ հանձնարականի համաձայն՝ մինչև 2025 թվականը մենք ավարտելու ենք մեր տեղահանված հայրենակիցների, զոհված ազատամարտիկների, առաջին կարգի վիրավորում ստացած անձանց, սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների բնակարանաշինության ծրագիրը: Բացի այդ, կասֆալտապատվեն բոլոր համայնքներ տանող ճանապարհները:
-Հնարավո՞ր է, որ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղում նույնպես լուսավորման համակարգ անցկացվի:
-Արցախի նախագահի հրամանով Ստեփանակերտից մինչև Հայաստանի Հանրապետության սահման հասնող նոր երթուղու երկայնքով լուսավորության ցանց անցկացնելու աշխատանքների համար նախագիծ ենք մշակում: Նախագծային աշխատանքները կավարտվեն մոտավորապես մինչև այս տարվա նոյեմբերի վերջ, որից հետո անմիջապես կներկայացնենք Նախագահին:
-Ներկա փուլում ի՞նչ խնդիրներ են առկա կապիտալ շինարարության ոլորտում:
-Պատերազմից հետո մոտ 4000 նոր բնակելի տան շինարարական աշխատանքներ են սկսվել՝ պետական, Համահայկական հիմնադրամի և մասնավոր ներդրումներով: Արցախյան առաջին պատերազմից հետո մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արցախում երբեք նման ծավալի շինարարություն չի իրականացվել: Այս ընթացքում վերանորոգել ենք նաև տեղահանվածների համար նախատեսված ավելի քան 450 հին, տիրազուրկ տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող՝ մոտ 300 տուն: Նման ծավալները բնական է, որ առաջացնելու էին համապատասխան խոչընդոտներ ու խնդիրներ: Դրանցից հիմնականն աշխատուժի սղությունն է, որ զգացել ենք պատերազմից հետո և առկա է մինչև հիմա: Որոշ չափով չեն բավարարում ֆինանսական միջոցները, քանի որ ծրագիրը բավականին մեծ ու ծախսատար է:
-Ո՞րն եք համարում հետպատերազմյան այս երկու տարվա գլխավոր ձեռքբերումը:
-Բնակարանաշինությունը, որը մարդկանց հույս է տալիս, որ եթե կառուցվում է, ուրեմն կառուցվում է ապրելու համար: Պատերազմից հետո մեր առաջին խնդիրը եղել է հիմնականում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերանորոգումը, որ մեր հայրենակիցները ժամանակին վերադառնան իրենց օջախները, իսկ պետության կողմից հնարավորինս շուտ աջակցություն ցուցաբերվի, որպեսզի ապրելով ու ապրեցնելով շարունակենք շենացնել Արցախը: Իրականում շատ ծանր օրեր ենք ունեցել այս ընթացքում, սակայն այն, ինչ հաջողվել է իրագործել այս ընթացքում, իմ համոզմամբ, հուսադրող է:
Վան Նովիկով