Քաղաքականություն

ԵԽԽՎ պատգամավորները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, վերադարձնել գերիներին

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ պատգամավորները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, վերադարձնել գերիներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 47 պատգամավորի ստորագրած հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Կան խոշտանգումների, գերիների և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խոշտանգման դեպքերի մասին վկայող սարսափելի ապացույցներ: Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի՝ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտում է»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությամբ պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների, գերեվարված հայերի սպանությունները, նրանց նկատմամբ խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնց մասին վկայող տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա ցանկացած գործողությունից և ներգրավվել խաղաղ բանակցային գործընթացում։ Մենք պահանջում ենք ադրբեջանական զինուժի՝ անհապաղ և անվերապահ դուրս բերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց շտապ հայրենադարձումը»,-շեշտել են պատգամավորները՝ հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում