Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Դեյվիդ Փրայսն ընդգծել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Դեյվիդ Փրայսն ընդգծել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում:

Վարչապետը նշել է, որ ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների հարուստ օրակարգը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելություններն էապես նպաստում են ռազմավարական երկխոսության շարունակական զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և կարևորել Միացյալ Նահանգների ու ընդհանրապես՝ միջազգային հանրության համարժեք ու հասցեական արձագանքը: Միաժամանակ, վարչապետը շեշտել է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ողջունել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը միտված հետևողական քայլերը: Նա ևս ընդգծել է հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ ի նպաստ տարբեր ոլորտներում կապերի զարգացման ու ամրապնդման:

Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները: Միաժամանակ, նա կարևորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը:

Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը այդ հարցում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում