Քաղաքականություն

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ օկուպացված տարածքներից

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ օկուպացված տարածքներից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նշել են, որ անհանգստացած են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին ստացվող բազմաթիվ հաղորդումներով:

Նրանք նկատել են, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը՝ հույս հայտնելով, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։

«Մինչ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման մեջ, ադրբեջանական զինված ուժերը օկուպացնում են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը: Այսպիսով մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշել զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց մոտ պահվող ռազմագերիներին»,-ընդգծել են համազեկուցողները:

Նրանք շեշտել են, որ միայն դիվանագիտական միջոցները արդար և տևական պատասխան կտան հակամարտությանը, որը օգուտ կտա երկու երկրների բնակչությանն էլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում