ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ երկրների դեսպանները հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասել է Կլաարը։