Revytech-SAP համագործակցությամբ հայկական տեխնոլոգիաները կներկայացվեն միջազգային առաջատար շուկաներում. Տիգրան Սիմոնյան
11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Revytech ՏՏ ընկերությունն ու տեխնոլոգիական հսկա համարվող գերմանական SAP-ն ու SAP Fioneer-ը համագործակցության պայմանագրեր են ստորագրել։ Համագործակցության հնարավորությունների, Հայաստանում թվային բարեփոխումների և հեղափոխական տեխնոլոգիաներ առաջարկող Ընկերության մասին զրուցել ենք Revytech-ի գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանի հետ։
Revytech-Reform the reality. հեղափոխական տեխնոլոգիաներ հայկական ստարտափից
Ընկերության հիմնադրման գաղափարը վերջնականապես ձևավորվեց Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ որ հասկացանք, որ մենք ավելին պետք է անենք Հայաստանում, և պետք է ստեղծենք մի բան, որն իր պոտենցիալով շատ ավելի մեծ է մեր երկրի կողմից ընձեռնված տնտեսական հնարավորություններից և կունենա գլոբալ արժեք։ Իսկ դա կարող էր լինել տեխնոլոգիական ոլորտում, որովհետև այն մրցակցային բարձր պայմաններով ուղղություն է։
Այդպես, ստեղծեցինք Revytech ընկերությունը։ Այս ընկերության գաղափարի շուրջ համախմբված մեր թիմի նպատակն է Revytech-ը դարձնել Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկն ու ձգտել նրան, որ այն համաշխարհային շուկայում զգալի դերակատարում ունենա։
Համաշխարհային շուկա դուրս գալու ամենաօպտիմալ ուղին միջազգային գործընկերային ցանցն է, որը մեզ հաջողվեց ձևավորել բավականին կարճ ժամանակահատվածում։

Revytech-SAP համագործակցությամբ հայկական ընկերությունը ներկայացված է լինելու միջազգային առաջատար շուկաներում
Revytech-ի հրավերով հնգօրյա այցով Հայաստան էին ժամանել տեխնոլոգիական հսկա համարվող, գերմանական առաջատար SAP և նրա դուստր ընկերության SAP Fioneer-ի ներկայացուցիչները Revytech-ի հետ համագործակցության պայմանագրերի ստորագրման, Հայաստանի թվային տրանսֆորմացիայի օրակարգին ծանոթանալու և ընթացիկ նախագծերի շրջանակներում գործնական հանդիպումների մասնակցելու նպատակով։ Այդ այցի շրջանակում էլ SAP-ի և SAP Fioneer-ի հետ կնքեցինք համագործակցության պայմանագրեր, որով Revytech-ը որպես SAP-ի պաշտոնական գործընկեր Հայաստանում, տրամադրելու է SAP ձեռնարկատիրական լուծումների ամբողջական ծառայություններ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների համար՝ ներառյալ SAP ծրագրային ապահովման արտոնագրերի տրամադրում, նախագծերի շուրջ խորհրդատվություն, համակարգերի իրագործում և ինտեգրում, ինչպես նաև համակարգերի տեղայնացում, անհատական պահանջների իրագործում և նոր հավելվածների մշակում։
SAP ընկերությունը ձեռնարկությունների կիրառական ծրագրերի աշխարհում խոշորագույն մատակարարն է: Այն հիմնադրվել է 1972 թվականին Գերմանիայում և դարձել բիզնես գործընթացների կառավարման ծրագրային լուծումների աշխարհի առաջատար արտադրողներից մեկը, որը մշակում է ձեռնարկատիրական ծրագրեր՝ բիզնես գործառնությունները և հաճախորդների հետ հարաբերությունները կառավարելու համար։ Ընկերությունը լուծումներ է առաջարկում բիզնեսի 25 ոլորտների և 12 ուղղությունների: SAP ընկերության հաճախորդներ են հանդիսանում աշխարհի 100 խոշորագույն կազմակերպություններից 99-ը:
SAP Fioneer-ը SAP-ի դուստր ձեռնարկությունն է, որը հնարավորություն է տալիս բանկերին և ապահովագրական ընկերություններին փոխակերպել, զարգացնել և տարբերակել իրենց բիզնեսը՝ միաժամանակ բավարարելով արագության, մասշտաբայնության և ծախսարդյունավետության իրենց կարիքները թվային բիզնեսի, ամպային տեխնոլոգիաների, բանկային և ապահովագրական գործընթացների ավարտուն լուծումների միջոցով: SAP Fioneer-ն ունի գրասենյակներ և գործառնություններ ամբողջ աշխարհում և հզոր ներկայություն Եվրոպայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Մեր նպատակներից մեկը նաև երկրի տեխնոլոգիական պոտենցիալը ցույց տալն է, այդ պատճառով էլ այցի շրջանակում հանդիպումներ ենք ունեցել տարբեր կառավարական, բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներկայացրել ենք մեր տեսլականն ու հնարավորությունները։
Բացի SAP-ից, համագործակցում ենք նաև աշխարհի առաջատար այլ տեխնոլոգիական հսկաների հետ, ինչպիսիք են` HPE-ն (Hewlett Packard Enterprise), UiPath-ը և Thales-ը: Այս ընկերությունները աշխարհի առաջատարներն են իրենց ոլորտներում և ներկայացված են 180-ից ավել երկրներում,ուստի նրանց հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա հասանելիություն ունենալ այդ երկրների շուկաներին, և, իհարկե, նաև միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները բերել Հայաստան, ու այսպիսով մեր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիական վերազինման գործում։

Ծառայությունների ամբողջական փաթեթ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին և որակի չափանիշներին
Աշխարհում ընդունված ձևաչափ է, երբ ընկերությունները ձեռք են բերում որևէ պրոդուկտի արտոնագիրը և այն վերավաճառում, բայց մեր հիմնական նպատակը այլ է, այն է՝ մեր հաճախորդների համար մշակել և ներդնել բարդ տեխնոլոգիական լուծումներ՝ օգտագործելով մեր մասնագետների և մեր գործընկերների հսկայական ներուժը:
Այսօր Revytech-ը մատուցում է ծառայություններ մի շարք ուղղություններով՝ սերվերային և ցանցային սարքավորումների մատակարարում, SAP, UiPath և Thales ընկերությունների ծրագրային ապահովման արտոնագրերի վաճառք, ծրագրային ապահովման մշակում, ցանկացած բարդության տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծում և սպասարկում, տվյալների կենտրոնների ստեղծում և կառավարում, կառուցվածքային և օպտիկական ցանցերի նախագծում և իրականացում, կորպորատիվ էլեկտրական սնուցման ցանցի նախագծում և մոնտաժ։
Հանդիսանալով Hewlett Packard Enterprise-ի պաշտոնական բիզնես գործընկերը Հայաստանում (տես հղումը) մենք մատակարարում ենք աշխարհի առաջատար սարքավորումները, ամպային և հիբրիդ տվյալների կենտրոնների լուծումներ, ինչպես նաև Aruba ցանցային և անվտանգության լուծումներ: Ի տարբերություն HPE այլ գործընկերների՝ Revytech-ը հետաքրքրված չէ զուտ սարքավորումների մատակարարմամբ և դրանց սպասարկմամբ, փոխարենը մենք մեր գործընկերներին առաջարկում ենք ամբողջական լուծումներ իրենց բիզնեսի զարգացման համար, որի շրջանակներում և՛ մշակում ենք լուծման ճարտարապետությունը և՛ մատակարարում ենք HPE սարքավորումներ, իրականացնում ենք դրանց տեղադրումը, սպասարկումը, ինչպես նաև իրականացնում անհրաժեշտ տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծումը։
Լինելով RPA ոլորտում աշխարհի առաջատար UiPath ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Revytech-ը մատուցում է նաև ռոբոտացման միջոցով գործընթացների ավտոմատացման (RPA - Robotic Process Automation) ծառայություն, որի միջոցով ձեռնարկությունները կարող են իրականացնել թվային աշխատուժի ստեղծման հայեցակարգը՝ էապես բարձրացնելով գործառնական արդյունավետությունը: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ցանկացած բարդության կրկնվող և ձանձրալի աշխատանքը փոխանցել ռոբոտներին, իսկ մարդկային ռեսուրսը օգտագործել միայն հավելյալ արժեք ստեղծելու նպատակով։
Revytech-ն առաջարկում է արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) տեխնոլոգիաների վրա հիմնված պրոդուկտների մշակման ծառայություններ, ինչպես նաև կիբեր (Cyber security) և տեղեկատվական անվտանգության (Information Security) ապահովման ծառայություններ։ Կիբեր անվտանգությունը ընդհանրապես մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերներից մեկն է և այստեղ մենք բավականին լուրջ անելիք ունենք: Շուտով կգործարկենք մեր մասնագետների կողմից տարատեսակ ձեռնարկությունների տեղեկատվական համակարգերի ներթափանցման թեստավորում (Penetration testing), ընդ որում՝ հաշվի առնելով այսօրվա իրողությունները՝ պատրաստ ենք երկրի կրիտիկական ենթակառուցվածքի մաս հանդիսացող ձեռնարկությունների համակարգերի թեստավորումն իրականացնել անվճար և հնարավորինս զսպել օտարերկրյա հաքերային հարձակումներից բխող ռիսկերը:
Այսինքն՝ մենք կարող են բավարարել հաճախորդի ամենապարզից մինչև ամենաբարդ պահանջները:
Ինչպես նշեցի, մեր նպատակը հեղափոխական տեխնոլոգիական լուծումներ առաջարկելն ու միջազգային շուկա դուրս գալն է։ Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր ձեռքբերում ունենք. Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն գործում է Revytech America ընկերությունը, որը մեր դուստր ձեռնարկությունն է, ու ավելի լայն հնարավորություններ կընձեռի Ամերիկյան շուկա մտնելու և միջազգային ներդրումների ներգրավման տեսանկյունից։
Պրոֆեսիոնալ թիմը՝ հաջողության գրավական
Այսօր, ցանկացած բնագավառում ամենակարևորը մարդկային կապիտալն է՝ թիմը, որն ունի հստակ տեսլական, կիսում է միևնույն արժեքները, գաղափարն ու նպատակները։ Revytech-ը ստեղծվել է ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան քսան տարվա աշխատանքային և բազմազան նախագծերի իրականացման փորձ ունեցող պրոֆեսիոնալների կողմից: Պրոֆեսիոնալիզմը, գիտելիքը, հմտությունն ու փորձը և աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ ինստիտուցիոնալ կապերն են այն նախադրյալները, որոնց շնորհիվ հավակնում ենք դառնալ առաջատարը Հայաստանում։
Revytech-ի թիմը մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում, իսկ աշխարհում ու առավել ևս Հայաստանում այդպիսի հմտությունները բավականին քիչ են։ Մեր թիմը համալրելու համար նաև մասնագիտական որակավորման դասընթացներ ենք անցկացնելու, որպեսզի տեղում պատրաստենք ժամանակակից պահանջներին համապատասխան կադրեր։
Նախատեսում ենք 3-4 տարվա ընթացքում թիմն ընդլայնել՝ ստեղծելով 400-ից 500 աշխատատեղ։ Մեր թիմը ներդնում է իր ամբողջ գիտելիքը, տաղանդն ու ժամանակը՝ կյանքի կոչելու մեր ամենահամարձակ գաղափարներն ու նպատակները։