Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Կլաարին՝ պահանջելով ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու նյութերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Կլաարին՝ պահանջելով ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու նյութերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻՊ-ը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

Նշենք, որ ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարության տեսանյութից հետո Կլաարը գրառում էր արել` դատապարտելով այն։ Դրան հաջորդել էր Կլաարի մեկ այլ գրառումն այն մասին, թե մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված, իբր, պատերազմական հանցագործությունների մասին։

«Իմ հանձնառությունն եմ հայտնել` հետևել այդ հաղորդագրություններին ու դրանց մասին հայտնել ՀՀ իրավապահներին։ Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն մինչ այս պահը դեռ չի ուղարկել»,–ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը մեկնաբանեց նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գերեզմանների հայտնաբերման լուրին, որտեղ, իբրև թե ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորություն է կատարվել։

«Կարևոր եմ համարում բոլոր հնարավոր հանցագործությունների օբյեկտիվ քննությունը, սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութը խնդրահարույց է: Իմ համոզմամբ՝ այդ հարցով պետք է զբաղվի փորձագետների անկախ միջազգային խումբը»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ տեսագրությունն իր համար արժանահավատ չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում