Տնտեսություն

ՏՏ ոլորտում մրցունակ լինելու համար պետք է օգտագործել և՛ Հայաստան տեղափոխված, և՛ տեղացի մասնագետների ներուժը․ Արմեն Օրուջյան

2 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտում մրցունակ լինելու համար պետք է օգտագործել և՛ Հայաստան տեղափոխված, և՛ տեղացի մասնագետների ներուժը․ Արմեն Օրուջյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործելը երկրի համար նպաստաբեր կլինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

«Ոլորտում հաջողելու երկու մեթոդ կա․ մեկը «աճացնելն» է, մյուսը՝ «ստանալը»։ «Աճեցնելը» երկար ժամանակ է պահանջում։ Օրինակ՝ ԱՄՆ-ն և՛ «աճեցնում» է, և՛ «ստանում»։ Դա է ոլորտում իրենց մրցունակ լինելու գաղտնիքը։ Եթե մենք կարողանանք Հայաստան տեղափոխված մասնագիտական ներուժը համատեղել մեր «աճեցրած» ներուժի հետ, կկարողանանք ոլորտում մրցունակ լինել։ Հայաստան տեղափոխված մասնագետները պետք է զգան, որ մեր երկրում տեղի է ունենում իրենց պրոֆեսիոնալ զարգացման հաջորդ փուլը»,- նշեց Օրուջյանը։

Նրա խոսքով՝ հնարավորությունների ճանապարհի բացակայությունն է հանգեցնում Հայաստանից «ուղեղների» արտահոսքին։ Պետք է հասկանալ՝ ինչ հնարավորություններ ստեղծել ոչ միայն հայ երիտասարդներին Հայաստանում պահելու, այլև դրսից դեպի Հայաստան ոլորտային մասնագետների ներհոսք ապահովելու համար։

Մեկնարկել է երկօրյա Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF22), որը Հայաստանում համախմբում է խոսնակներ միջազգային տեխնոլոգիական ընկերություններից, ֆինանսական կառույցներից ու գիտահետազոտական կենտրոններից։

Գլոբալ ինովացիոն ֆորումի մեկնարկը տրվել է 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով։ Հայկական գիտական համայնքի և նրանց արտասահմանյան գործընկերների միջև շփման կարևոր այս հարթակը վերանվանվեց Գլոբալ ինովացիոն ֆորում արդեն 2018-ին և հաջողությամբ անցկացվեց նաև 2019-ին։ Հաջորդ տարիներին, համաշխարհային համավարակով և սահմանափակումներով պայմանավորված, GIF-ը դադար վերցրեց։ 2022-ին այն չորրորդ անգամ մեկնարկում է ամենամյա խոշոր միջազգային միջոցառում դառնալու հավակնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում