Հասարակական

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութից

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ եթե տեսանյութի իսկությանը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին` Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում