Քաղաքականություն

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնել են համայնքի զարգացման շուրջ համագործակցության մասին հուշագրի ստորագրման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է.

««Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները՝

  • Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,
  • Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,
  • Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,
  • Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝

Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝

  • Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը,
  • Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,
  • Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,
  • Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը,
  • Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով,

Ալավերդի համայնքում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման:

Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար»։

Լոռու մարզի Ալավերդի համայնքում սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած նախնական արդյունքների, «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 6791 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 6557 ձայն, ՀԱԿ-ը ստացել է 340, իսկ ՀՅԴ-ն՝ 316 քվե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում