Հասարակական

Հանրային հատվածի աշխատողների աշխատավարձը կբարձրանա, պարգևավճարների և հավելավճարների համար ավելի քիչ գումար կհատկացվի

2 րոպեի ընթերցում

Հանրային հատվածի աշխատողների աշխատավարձը կբարձրանա, պարգևավճարների և հավելավճարների համար ավելի քիչ գումար կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականի բյուջեով 21 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի համար, սակայն բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատությամբ ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմանը:

Նախարարը մեկնաբանեց այն սկզբունքը, որը դրված է նախատեսվող փոփոխության հիմքում: Խաչատրյանը նշեց, որ պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական մոտեցում: Առաջին դեպքում սահմանված է բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձ և դրանց գումարվող որոշակի պարգևավճարներ, երկրորդ դեպքում՝ բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձերին գումարվում են սահմանված հավելավճարներ:

«Նախատեսվող հիմնական փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որն ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 հազար 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 հազար 200 դրամ: Սակայն, պետք է պարզաբանեմ նաև, որ այս փոփոխությամբ վերահաշվարկված աշխատավարձի ֆինանսավորումը որոշ չափով փոխհատուցվելու է ներկայում սահմանված պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: Արդյունքում աշխատավարձերի ավելացման նպատակով բյուջեից լրացուցիչ հատկացումները կկազմեն 21 մլրդ դրամ, սակայն գալիք տարվա բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատությամբ ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ»,-ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում