5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է, որ այս տարի կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53 տոկոսից ցածր կլինի՝ 2021-ի 60.3 տոկոսի համեմատությամբ, իսկ 2023-ի համար պետությունը նախատեսում է պարտքային միջոցների ներգրավումն իրականացնել այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացմանը:
«Մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական պարտքի հուսալի կառավարումը: Վերջին մակրոտնտեսական զարգացումները և դրամի արժևորումը նպաստել են նրան, որ 2022 թվականի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Եթե 2021 թվականի արդյունքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով կառավարության պարտքն ավելի կառավարելի և անվտանգ միջավայրում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը: 2023 թվականի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում»,-ասաց Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս արձանագրեց՝ պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային էական նվազում է ունեցել: Փաշինյանը սա կարևոր ցուցանիշ համարեց թե երկրի ներսում, և թե արտաքին աշխարհի համար: «Այստեղ էական դերակատարում է ունեցել դրամի ամրապնդումը: Թեև այդտեղ կան քննարկումներ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այն, որ դրամը ուժեղ է և կայուն է, նաև մեր տնտեսական կայունության կարևոր գործոն է»,-նշեց վարչապետը:
Անդրադառնալով ՀՆԱ-ին՝ վարչապետն ասաց, որ այս տարի երկնիշ տնտեսական աճ է սպասվում: «Եթե այս տարվա մեր պլանները կատարվեն, մենք նույնիսկ չենք բացառում, որ կունենանք տնտեսական աճի այնպիսի ցուցանիշ, որով կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի ճգնաժամային ճեղքը կարող ենք հաղթահարված համարել և արդեն անցնել բնականոն տնտեսական աճի ռեժիմի: Բայց պետք է արձանագրենք, որ 2023 թվականի 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը մեծապես կախված է կապիտալ ծախսերի իրականացման որակից»,-ասաց նա:
Ապա վերադառնալով 2023-ի պետբյուջեի նախագծին՝ նախարար Խաչատրյանն ասաց, որ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրի առանցքային քաղաքականություններից մեկը հանրային հատվածի ֆինանսական հնարավորությունների կամ կառավարության հարկային եկամուտների ավելացումն է: Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավումը այդ քաղաքականության հիմնական ցուցանիշն է, որը 2026-ի համար սահմանվել է 25 տոկոս:
«Կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքներով այս ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 23.2 տոկոսը: 2023 թվականին և հաջորդ յուրաքանչյուր տարում հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է ավելանան տարեկան 0.5 տոկոսային կետով, ինչը և արտացոլված է գալիք տարվա պետբյուջեի նախագծում: 2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշները գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրավորված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով»,-ասաց Խաչատրյանը:
2023 թվականի ընթացքում պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.1 տոկոսը:
Զգալի ֆինանսական ավելացումներ կկատարվեն տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերին: Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը գալիք տարվա բյուջեով կլինի ավելի քան 25 մլրդ դրամով: Չհաշված կորոնավիրուսի համավարակի դեմ միջոցառումների հատկացված ֆինանսավորման գումարները, ապա այս տարվա համեմատությամբ 2023 թվականի ֆինանսական հատկացումները առողջապահության ոլորտում կաճեն ավելի քան 11.5 մլրդ դրամով:
Կառավարությունը հաստատել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը: