Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը
1 րոպեի ընթերցում
![Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1093645.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Դավիթ Բաբայանը կարևորել է Մարտունու և Գլենդեյլի միջև համագործակցությունը՝ սոցիալ-տնտեսական, մարդասիրական և բարոյական տեսանկյուններից։ Նախարարը հավելել է, որ Գլենդեյլի հետ փոխգործակցությունը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա շրջկենտրոն Մարտունու զարգացման գործում։
Հանդիպմանն ու հռչակագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։