Քաղաքականություն

Ցանկանում ենք, որ Հայաստանը լինի մեր գործընկերը Կովկասում. Դոմինիկյան Հանրապետության դեսպանի հարցարզրույցը

10 րոպեի ընթերցում

Ցանկանում ենք, որ Հայաստանը լինի մեր գործընկերը Կովկասում. Դոմինիկյան Հանրապետության դեսպանի հարցարզրույցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոմինիկյան Հանրապետությունը Երևանում մինչև տարեվերջ կբացի գրասենյակ, որը Հայաստանի քաղաքացիների համար կհեշտացնի վիզայի ստացման գործընթացը, այժմ դեսպանի նստավայրը Մոսկվան է: Դեսպանը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար մեծ հեռանկարներ է տեսնում, աշխատանքներ են տարվում նաև վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը անդրադարձել է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի՝ ուղիղ չվերթների բացման հնարավորությունից մինչև երկկողմ առևտուր և զբոսաշրջություն:

Ուղիղ չվերթների հնարավորություն

«Շատ հայեր, որոնք հանգստի նպատակով մեկնում են Դոմինիկյան Հանրապետություն, թռչում են Մոսկվայից: Եվ, երբ Մոսկվայից չվերթները դադարեցվել են, հայերն իմ երկրում այժմ շատ քիչ են: Մենք փորձում ենք աշխատել Դոմինիկյան Հանրապետությունից Հայաստան ուղիղ չվերթներ բացելու ուղղությամբ: Բայց մենք նաև փնտրում ենք հնարավորություն, որ այդ թռիչքները կապենք Լոս Անջելեսից թռիչքների հետ: ԱՄՆ-ի հայերը կարող են հայաստանցիներին հանդիպել Կարիբյան ավազանում հանգստի ընթացքում: Մենք ուղիղ չվերթներ ունենք Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից և ԱՄՆ-ից, այն նույն վայրերից, որտեղ ապրում է հայկական սփյուռքի մեծ մասը։ Այսպիսով, մենք հավատում ենք, որ Դոմինիկյան Հանրապետությունը կամուրջ կդառնա Սփյուռքի և Հայաստանի միջև Կարիբյան կղզիներում»,-ասաց դեսպանը:

Նա նկատեց՝ Հայաստանը դեսպանություն ունի Բրազիլիայում, Արգենտինայում, սակայն չունի Կարիբյան կղզիներում: Այսպիսով` Դոմինիկյան Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի համար դառնալ դուռ դեպի Կարիբյան ավազան: «Դոմինիկյան Հանրապետությունն էլ ցանկանում է, որ Հայաստանը լինի մեր դուռը` դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա»,-ընդգծեց Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը:

Ըստ դեսպանի՝ հիմա աշխատում են քաղաքացիական ավիացիայի հարցերի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ: Չարտերային թռիչքներ կարելի է սկսել նաև առանց այդ համաձայնագրի, սակայն ցանկանում են ստեղծել իրավական հիմք:

Դոմինիկյան Հանրապետության դեսպանության նոր գրասենյակ ՝Երևանում

«Մենք Հայաստանում նաև ցանկանում ենք գրասենյակ բացել՝ որպես Մոսկվայում մեր դեսպանության ներկայացուցչություն: Թեև ես ոչ ռեզիդենտ դեսպան եմ, սակայն ցանկանում եմ մշտական գրասենյակ ունենալ այստեղ, որը ծառայություններ կմատուցի հայաստանցիներին: Այդ գրասենյակը կլինի այն դուռը, որը հնարավորություն կտա հետագայում դեսպանատուն բացել Հայաստանում»,-ընդգծեց Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը՝ հավելելով, որ գրասենյակը, հավանաբար, կբացվի մինչև տարեվերջ:

Դեսպանը նշեց՝ գրասենյակի գործունեությունը հայերի համար կարագացնի վիզայի ստացման գործընթացը, այսպիսով` վիզայի համար ստիպված չեն լինի իրենց անձնագրերն ուղարկել Մոսկվա:

Նա նշեց նաև, որ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև հաստատվել են դեռ 15 տարի առաջ՝ 2007 թվականին, այս ընթացքում երկու երկրները համագործակցել են օրինակ ՄԱԿ-ի շրջանակում, բայց հարաբերություններն այնքան էլ ակտիվ չեն եղել, մինչև երկու կողմից էլ դեսպաններ նշանակվեցին: «Իմ երկրում նոր կառավարությունը, որը գործում է արդեն 2 տարի, որոշեց դիվերսիֆիկացնել դիվանագիտական հարաբերությունները և աշխատեցնել արդեն իսկ ստորագրված պայմանագրերը»,-նշեց նա:

Դոմինիկյան Հանրապետությունը Հայաստանում է նշանակել դեսպան (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանը՝ Դոմինիկյան Հանրապետությունում (նստավայրը՝ Օտտավա): Ըստ դեսպանի՝ սա հարաբերություններ հաստատելու, զարգացնելու առաջին քայլն էր, որին պետք է հաջորդի կառավարության պաշտոնյաների ուղիղ աշխատանքը, որը թույլ կտա ավելի ու ավելի շատ ոլորտներում հարաբերություններ ունենալ: Ըստ դեսպանի՝ հիմա պետք է ստեղծել այն հենքը, որը թույլ կտա շարունակել միմյանց հետ աշխատել և երկկողմանի պտուղներ քաղել: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում մշտական դեսպանություն կունենան Հայաստանում:

Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանությանը, ՀՀ ԱԳ-ին՝ այստեղ գրասենյակ բացելու խնդրանքին արագ արձագանքելու համար:

Հայկական «Թումո»-ն՝ Դոմինիկյան Հանրապետության ուշադրության կենտրոնում

Դեսպանն ընդգծեց՝ Դոմինիկյան Հանրապետության կառավարությունը շատ է տպավորված «Թումո» -ով: «Հայաստանում այն շատ հետաքրքիր ծրագիր է և կարող է կրկնվել իմ տարածաշրջանում: Մեր նախագահը Կանադայում ձեր դեսպանի հետ զրուցել է այս ծրագրի մասին: Շատ տպավորիչ է այն, ինչ «Թումո»-ն անում է: Եվ մենք ցանկանում ենք այս հայկական նախագիծը կրկնել նաև Կարիբյան ավազանում, դրա միջոցով մենք կարող ենք շատ հնարավորություններ բացել ՏՏ ոլորտում»,-ասաց Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը:

Դեսպանն այսպիսով, այլ ոլորտների բացի, երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև IT ոլորտում: «Դուք զարգացնում եք IT ոլորտը, մենք նույնպես IT հաբ ենք ստեղծում Կարիբյան կղզիներում: Միգուցե, ձեր և մեր ընկերությունները կարող են աշխատել միմյանց հետ: «Թումո»-ն կարող է այդպիսի համագործակցությունների համար հենք լինել»,-հավելեց նա:

Հայկական կոնյակից մինչև դոմինիկյան սիգար. տնտեսական կապեր, երկկողմ առևտուր

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը շատ դինամիկ է դարձել, մեր տնտեսությունը Կարիբյան ավազանում ևս շատ դինամիկ է: Մեր երկու երկրները շատ նմանություններ ունեն, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի մեր գործընկեր Կովկասում: Մենք ցանկանում ենք առաջ մղել, խթանել ձեր գինին, ձեր կոնյակը, դրանք տարածել Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան կղզիներում, ցանկանում ենք նույնն անել նաև մեր սիգարների, մեր ռոմի, մեր սուրճի և մթերքների դեպքում»,-ասաց դեսպանը:

Նա նկատեց՝ Դոմինիկյան Հանրապետությունում արտադրված սիգարը հայտնի է նաև Հայաստանում, կան հայեր, որոնք Դոմինիկյան Հանրապետությունում արտադրվող սիգարների բրենդներ ունեն:

«Այն շատ լավ համադրություն է ձեր կոնյակի հետ: Հայկական գինու որակը հիանալի է, ես վերջերս հայկական գինի եմ փորձել, կարծում եմ, որ այն Դոմինիկյան Հանրապետությունում վաճառելու հնարավորություն կա: Մենք Կենտրոնական Ամերիկայի հետ ազատ առևտրի համաձայնագրի կողմ ենք, և ձեր գինիները կարող են մեր միջոցով մուտք գործել այլ շուկաներ ևս»,-ասաց դեսպանը:

Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը հավելեց՝ իրենք վաճառում են ոչ միայն ռոմ, սիգարներ, այլ նաև ավոկադո, մանգո, արքայախնձոր և շատ այլ էկզոտիկ մրգեր: Այսպիսով` ցանկանում են Հայաստանն իրենց արտադրանքի համար «դուռ» դարձնել:

«Մենք Հայաստանում հանդիպել ենք որոշ գործարարների, որոնք հետաքրքրված են մեր ապրանքներով, որոնք շատ տարածված էին Ռուսաստանում մինչև հատուկ ռազմական գործողությունները, սակայն հիմա ուղիղ չվերթների բացակայությամբ պայմանավորված՝ չեն կարողանում հասնել: Եթե մենք կարողանանք ուղիղ չվերթ բացել դեպի Հայաստան, այդ ապրանքները գուցե գան Հայաստան, կամ այլ երկրներ՝ օրինակ Վրաստան: Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարևոր դուռ է դեպի տարածաշրջան»,-շեշտեց դեսպանը:

Զբոսաշրջություն, ազատ վիզային ռեժիմի հնարավորություն

«Մեզ մոտ հայ զբոսաշրջիկներ գալիս են, մենք ցանկանում ենք նրանց թիվն ավելացնել, ցանկանում ենք հեշտացնել զբոսաշրջիկների մուտքը` վերացնելով վիզայի պահանջը կամ նվազեցնելով թղթային աշխատանքը: Մենք աշխատում ենք վիզայի ազատականացման ուղղությամբ, ինչը կհեշտացնի Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիների Հայաստան այցելությունը, և Հայաստանցիների այցելությունը՝ Դոմինիկյան Հանրապետություն»,-ասաց դեսպանը:

Նա նաև նշեց՝ ինքը, որպես դեսպան ևս փորձում է խթանել Հայաստանը Դոմինիկյան Հանրապետության տուրօպերատորների շրջանում, փաթեթներ պատրաստելու փորձ է արվում: Եվ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին սպասվում է Դոմինիկյան Հանրապետության տուրօպերատորների այց՝ Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն խթանելու համար:

«Մենք քրիստոնյաներ ենք, այսպիսով քրիստոնեական արժեքների, քրիստոնեական ժառանգության, պատմության առումով շատ հետաքրքրություններ ունենք Հայաստանում: Հիմա, երբ շատ զբոսաշրջիկներ չեն կարողանում գնալ Ռուսաստան, նրանց համար Հայաստանը լավ հնարավորություն է: Իսկ հայաստանցիները Դոմինիկյան Հանրապետությունում կարող են վայելել Կարիբյան կղզիների լողափերը, լեռները, հյուրանոցները: Դոմինիկյան Հանրապետությունը կարող է կապող օղակ հանդիսանալ սփյուռքի հետ, քանի որ մենք նաև ուղիղ թռիչքներ ունենք Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Բրազիլիա»,-ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիները շատ նման են միմյանց՝ մշակույթով, ընտանեկան արժեքներով: «Ես ասում եմ, որ դուք լատինաամերիկացիներ եք Կովկասում»,-հավելեց դեսպանը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում