Քաղաքականություն

ՍԴՀԿ-ն հանդիսավոր միջոցառմամբ նշեց հիմնադրման 135-ամյակը

3 րոպեի ընթերցում

ՍԴՀԿ-ն հանդիսավոր միջոցառմամբ նշեց հիմնադրման 135-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հիմնադրման 135-ամյակը նշեց հանդիսավոր միջոցառմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 24-ին կազմակերպված միջոցառմանը կուսակցությանը շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում»,- ասված էր վարչապետի շնորհավորական ուղերձում :

Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր ուղերձում նշել է, որ Հնչակյան կուսակցությունն իր հովանու տակ է համախմբել ազգային, պետական գործիչների, ովքեր անմնացորդ կերպով ծառայել են հայրենապահպանությանը՝ թե զենքով, թե իրենց կրթամշակութային ու հասարակական-քաղաքական գործունեությամբ:

«Հիմնադրման օրվանից ի վեր Հնչակյան կուսակցությունն ամենաակտիվ կերպով ձեռնամուխ եղավ հայ ազգային, քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման գործին: Տասնամյակներ շարունակ Հնչակյան կուսակցությունն իր հովանու տակ է համախմբել ազգային, պետական գործիչների, ովքեր անմնացորդ կերպով ծառայել են հայրենապահպանությանը՝ թե զենքով, թե իրենց կրթամշակութային ու հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Շնորհավորում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին ու համակիրներին կուսակցության 135-ամյակի առթիվ և մաղթում եմ հաջողություններ ու ձեռքբերումներ` հանուն մեր ընդհանուր ազգային նպատակների իրագործման, հանուն հզոր ու զարգացող Հայաստանի»,- ասել է Խաչատուրյանը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանն ընդգծեց՝ երկրի համար դժվարին պահերին կարևորում են միասնականությունը, համախմբվածությունը:

«Պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր ներդրումն ունենանք երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար»,- նշեց Սարաֆյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում