Հասարակական

Նախարար Մկրտչյանը Վայոց ձորում քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած սոցիալական կարիքների բավարարման հարցեր

2 րոպեի ընթերցում

Նախարար Մկրտչյանը Վայոց ձորում քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած սոցիալական կարիքների բավարարման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում։ Այցի շրջանակում նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ հանդիպել է մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելու համար ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակում համագործակցությանն ուղղված քայլերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Նարեկ Մկրտչյանը նշել է, որ օրերս գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակի միջոցով շարունակվում են գույքագրվել և մարզպետարաններին ու ՏԻՄ-երին փոխանցվել առաջնային օգնության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները։ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է այդ ուղղությամբ մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ արվում է ամենը՝ քաղաքացիներին ըստ կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով։

«Համատեղ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու օպերատիվ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկվել են նաև տեղում՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնում։ ՄՍԾ աշխատակիցների հետ զրույցում ընդգծվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների կարիքների ճշգրիտ գնահատման, մատուցվող ծառայությունների անխափան տրամադրման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակում նախարարն ու մարզպետը եղել են նաև Ջերմուկի առողջության կենտրոնում, զրուցել բուժսպասարկում ստացող զինծառայողների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում