«Նոր գիրք»-33/22. Րաֆֆի, Տոկարչուկ, Դոլուխանյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Րաֆֆի, «Խենթը»

Րաֆֆին իր «Խենթը» վեպով ցանկանում էր ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Գրքում նկարագրված են Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը՝ կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, Բայազետի բերդի պաշարումն ու գլխավոր հերոսի՝ Վարդանի (նախատիպը հանդիսացել է ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը) սխրագործությունները: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Օլգա Տոկարչուկ, «Ցերեկային տուն, գիշերային տուն»

«Ցերեկային տուն, գիշերային տուն»-ը (1998)՝ Օլգա Տոկարչուկի նշանավոր գործերից մեկը, նրա բնորոշմամբ «վեպ աստեղատուն» է՝ տարաբնույթ պատումներից բաղադրված համաստեղություն, որն արտացոլում է Սուդետների (Ստորին Սիլեզիա) այն երկրամասի անցյալն ու ներկան, որի գյուղերից մեկում հեղինակը տուն ունի:

Տոկարչուկի ստեղծագործական աշխարհի վրա իր դրոշմը թողած այս բազմամշակութային տարածքը պատմության ընթացքում եղել է տարբեր երկրների կազմում, մինչև որ 1945-ից հետո բաժանվել է Գերմանիայի, Չեխիայի և Լեհաստանի միջև:

Լեհ գրողը պոստմոդեռնիստական ոգով ստեղծված իր բազմակողմանի գրքում հարադրել է այլևայլ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կապակցել էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իրական կյանքը՝ երազների, իսկ առօրեականությունն ու դիցականությունն այնպես հմտորեն է միահյուսել, որ մանրուքներն անգամ համապարփակ բովանդակություն են ստացել:

Թարգմանությունը լեհերենից՝ Զավեն Բոյաջյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Աելիտա Դոլուխանյան, «Մորուս Հասրաթյան»

Նա եղել է Չարենցի ընկերը, կալանավորվել Չարենցի պես, նույն մեղադրանքով, ապրել հենց այն բանտախցում, որտեղ եղել է Չարենցը։ Նրան ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտից ազատ են արձակում, որովհետև վստահ էին, որ չի ապրի։ Հնարավո՞ր է կյանքը նորից սկսել 40 տարեկանում, երբ կան դատվածություն ու հին աշխատանքին վերադառնալու արգելք։

Այս գիրքը պատմում է ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին։ Չարենցի և Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվեց ընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից, չվախեցավ մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովեց Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարեց հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։

Մորուս Հասրաթյանը ոչ միայն թարգմանեց Սայաթ-Նովայի խաղերը, այլև անհերքելի դարձրեց նրա հայկականությունը, Գրիգոր Հասրաթյանի հետ ստեղծեց Էրեբունի-Երևան տոնը և իրար կապեց Խորհրդային Հայաստանի ուսփյուռքի մտավորականներին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում